ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիները լքել են Վերին Լարս անցակետի վրացական հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է` գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին նրանց չգնալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։
«Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։
Դեսպանությունը կրկին խնդրում է ՀՀ քաղաքացիներին չգնալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։
Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել