Լակոտի ձեռքի գործ է. Մարտունու համայնքապետը` վարակված ընտանիքի տան վրա «հարձակվելու» մասին

Մարտունիում երկու վարակակիր ընտանիքի մեկուսացրել են, իսկ երրորդ ընտանիքը դեռ սպասում է թեստերի պատասխաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ինչ–որ մեկը «հարձակվել» է կորոնավիրուսով վարակված ընտանիքների տների վրա` գրառումներ անելով պատերին։

Ըստ ԶԼՄ–ների` անհայտ անձը կամ անձինք պատերին գրել են «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։

Լակոտի ձեռքի գործ է. Մարտունու համայնքապետը` վարակված ընտանիքի տան վրա «հարձակվելու» մասին

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սա չի կարելի լուրջ միջադեպ համարել։

«Նույնիսկ առաջին հայացքից դժվարությամբ է ընթերցվում, թե կոնկրետ ինչ է գրված պատին։ Առավոտյան համայնքի ոստիկանապետը, ես և իմ տեղակալը եղել ենք տեղում, հետո ոստիկանապետը տեղեկացրեց, որ տեսագրության մեջ աղոտ երևում է ընդամենը մեկ հոգի, որն անցնելիս բալոնով ներկը փչում է պատին։ Աշխատում են պարզել անձի ինքնությունը։ Տանը ոչ մի վնաս չի հասցվել»,– ասաց նա։

Ավետիսյանը կտրականապես հերքեց այն տեսակետը, որ Մարտունիում կա անհանդուրժողականության մթնոլորտ։ Ըստ նրա` նորմալ մարդը պետք է հասկանա, որ այդ անձը մեղավոր չէ կորոնավիրոսով վարակվելու համար, նման բան կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Ավետիսյանը երևույթն ուղղակի համարում է «լակոտություն»։

Լակոտի ձեռքի գործ է. Մարտունու համայնքապետը` վարակված ընտանիքի տան վրա «հարձակվելու» մասին

Պատերին գրվածներն արդեն ջնջել են։

Լակոտի ձեռքի գործ է. Մարտունու համայնքապետը` վարակված ընտանիքի տան վրա «հարձակվելու» մասին

Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված ընդհանուր իրավիճակին` համայնքապետը նշեց, որ Մարտունիում արդեն իսկ մեկուսացվել է երկու վարակակիր ընտանիք, մեկում` չորս հոգի, մյուսում`երեք, իսկ երրորդ ընտանիքի թեստերի պատասխանները դեռ պետք է ստացվեն։ Անկախ ամեն ինչից` երրորդ ընտանիքը նույնպես կմեկուսացվի, այդ ընտանիքում ամուսիններ են։

Լակոտի ձեռքի գործ է. Մարտունու համայնքապետը` վարակված ընտանիքի տան վրա «հարձակվելու» մասին

Ավետիսյանը վստահեցրեց, որ տեղի լրատվամիջոցներով, սոցիալական կայքերով համայնքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանության ներկայացուցիչները պարբերաբար համայնքի բնակիչներին հորդորում են հետևել պարետատան պահանջներին ու սահմանված կանոններին։

«Մարտունիում նույն վիճակն է, ինչ ամբողջ Հայաստանում։ Ոմանք, որտեղ էլ լինեն, ուղղակի մատների արանքով են նայում իրավիճակին, չեն պահպանում սոցիալական նվազագույն հեռավորությունը։ Ի տարբերություն նրանց` քաղաքապետարանի աշխատակիցներն ավելի զգուշավոր են, հատկապես այն բաժինների աշխատակիցները, որոնք գումարներ են գանձում քաղաքացիներից` անմիջականորեն հաղորդակցվելով նրանց հետ։ Բոլորն էլ պարտադիր կրում են ձեռնոցներ ու դիմակներ»,– ասաց նա։

Նշենք, որ այսօրվա տվյալներով` Գեղարքունիքում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 214 դեպք է գրանցվել, առողջացել են 64 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: