ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Facebook-ում հայտարարել է, որ դատի է տվել իր մասին ստահոդ լուրեր տարածողներին:
«Իմ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով հայցադիմում եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Ռոբերտի Դանիելյանի, Նարեկ Բագրատի Սամսոնյանի, Գագիկ Լևոնի Համբարյանի և Մարինա Կոլյայի Խաչատրյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջիններիս իմ պատիվը և արժանապատվությունը արատավորող զրպարտչական ու վիրավորական արտահայտությունների համար հերքում տարածել ու հրապարակային ներողություն խնդրել»,- գրել է նա:
Իսկ ստահոդ լուրերը, ըստ Հակոբյանի, վերաբերում են ծխախոտի վերջերս բացահայտված մաքսանենգությանն իր ունեցած առնչությանը:
«Վերջերս սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից ստահոդ լուրեր են տարածվում, որ ես մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ծխախոտ եմ տեղափոխել։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել և պաշտոնապես հայտարարել, որ նշված լուրերը մտացածին են և իրականության հետ որեւէ աղերս չունեն»,- գրում է պատգամավորը:
Հիշեցնենք՝ ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:
Հայաստանյան լրատվամիջոցներն արդեն տևական ժամանակ է փորձում են պարզել, թե ում է պատկանում մաքսանենգ ուղեբեռը: Տարբեր լրատվամիջոցներում շոշափվել են Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՊԵԿ փոխնախագահներ Ռաֆիկ Մաշադյանի ու Շուշանիկ Ներսիսյանի, «Զվարթնոց» օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետ Տիգրան Զաքարյանի, ինչպես նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ սեփականատեր, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունները:
Թեմային իր հրապարակման մեջ անդրադարձել էր նաև ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` ասելով, որ ծխախոտի այդ խմբաքանակը Երևանում գնել է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ այն մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանելու ու այնտեղ վաճառելու նպատակով: Իսկ Սիփան Փաշինյանին ՀՀ մաքսային մարմիններում այդ հարցում աջակցել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ այնտեղ իր «դրածո» ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանի միջոցով: Իսկ որպես միջնորդ հանդես է եկել Աննա Հակոբյանի եղբայրը՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հայկական ծխախոտի «թանձր ծուխը». ո՞ւմ է պատկանում ՌԴ հասած 40 տոննա մաքսանենգ սիգարետը
Մինասյանը հայտարարել էր նաև, որ մաքսանենգ ուղեբեռը ՌԴ Կրասնոդար քաղաքում հայտնաբերվել է, քանի որ, ՀՀ ԱԱԾ-ն մինչ այդ «օպերատիվ տվյալներ է փոխանցել» ռուսաստանցի գործընկերներին: Եվ հիմա, նախկին դեսպանի խոքով, ՀՀ իշխանությունը ԱԱԾ-ում ջնջում է ծխախոտի բոլոր հետքերը և միաժամանակ ազատվում այդ գործի հետ առնչություն ունեցող ԱԱԾ ավելի քան 20 բարձրաստիճան սպաներից: Իր խոսքով ասած՝ ԱԱԾ-ում հիմա «չիստկաներ են»:
Այդուհանդերձ, Միքայել Մինասյանի այս հայտարարության մասին Հրաչյա Հակոբյանն իր գրառման մեջ չի հիշատակել, դատի տրված անձանց շարքում էլ նրա անունը չի նշել: