Հայկական կողմը Ադրբեջանին զսպվածության կոչ է արել և դիմել ԵԱՀԿ ՄԽ–ին

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշվել է, որ այս հանգամանքը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է:

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել

«ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին»,–ասված է հայտարարության մեջ:

Հայկական կողմը կոչ է անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ–ի Noble Partner 2020 զորավարժություններին

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է նախատեսել մայիսի 18-22–ը։ Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։