Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան

Նախարարն ասում է, որ որևէ երաշխիք չկա, որ, օրինակ, ինքը վարակվելով` չի «սպանի» իր տատիկին ու պապիկին, դրա համար էլ պետք է պահպանել անհրաժեշտ կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Եթե անգամ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնաբերվի, համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման կանխատեսում արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հայտնելով, որ նման եզրակացության են եկել այսօր 5 երկրների մասնագետների հետ զրույցի ժամանակ։ 

Նրա խոսքով` պետք է լրջանանք մի քիչ, քանի որ այն իրավիճակը, որն առկա է, շատ երկար է տևելու։ Թորոսյանը նշեց, որ պետք է նոր առօրյա ստեղծենք, ոչ թե վերադառնանք հին կյանքին։

«Հաստատված դեպքերի հետ շփվածներին չենք մեկուսացնում հյուրանոցներում` նրանք ինքնամեկուսանում են։ Ազատված հյուրանոցային տեղերում տեղավորում ենք առանց համախտանիշի հիվանդներին։ Սակայն եթե հիվանդացության այս տեմպը պահպանվի, ապա 7-10 օր հետո առանց համախտանիշի հիվանդներն էլ կմեկուսանան տներում»,–ասաց նախարարը։

Նախարարն ասում է, որ որևէ երաշխիք չկա, որ, օրինակ, ինքը վարակվելով` չի «սպանի» իր տատիկին ու պապիկին, դրա համար էլ պետք է պահպանել անհրաժեշտ կանոնները։

ՀՀ կառավարությունը կարող է անցնել հեռավար աշխատանքի

Անդրադառնալով նախարարությունում արձանագրված վարակման դեպքերին` Թորոսյանը նշեց, որ դեռևս մեծ բռնկումներ չկան։ Թորոսյանը հայտնեց` ճիշտ է, ինքն արդեն թեստավորվել է ու թեստի պատասխանը բացասական է, սակայն պետք է շարունակի զգույշ լինել։ Նա ասաց, որ շարունակում է աշխատել` զրոյի հասցնելով որևէ մեկին տեսնելը։

Արսեն Թորոսյանը հայտնեց նաև, որ կստեղծվեն 119 շրջիկ խմբեր՝ բաղկացած բժիշկներից, ոստիկաններից ու Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներից, որոնք կհսկեն, որ ինքնամեկուսացածները չլքեն մեկուսացման վայրերը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 142–ով և դարձել 3860։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

Հայաստանում տրանսպորտը կաշխատի, մանկապարտեզները կբացվեն, իսկ դիմակ չկրողները կտուգանվեն