«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է. Աննա Նաղդալյան

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` գերիների փոխանակման վերաբերյալ հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վերաբերյալ Հայաստանն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է, և այն մնում է անփոփոխ: Sputnik Արմենիային հայտնեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։

Հաջիևը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է գերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, բայց իրենք այդ հարցում չեն տեսնում Հայաստանի կառուցողականությունը:

«Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Եվ հատկապես այն պարագայում, երբ մենք ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում: Ուստի «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ըստ Նաղդալյանի, չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի խախտումները:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների: Եվ ատելության հողի վրա հանցագործությունների հերոսացումն ու դրանց կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն, ըստ նրա, արդեն իսկ ծանր երևույթ է:

Զախարովան խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման խնդրից

«Մենք ականատես ենք եղել դրան, երբ մարդասպանության մեջ դատապարտվածն արտահանձնումից հետո հերոսացվել է և վերածվել պաշտամունքի առարկայի միայն նրա համար, որ հայի է սպանել: Ուստի մեր հիմնական նպատակն է, որ կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում, քանի որ դրանք պետք չեն ո՛չ տարածաշրջանին, ո՛չ տարածաշրջանի ժողովուրդներին»,–ասել է Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ հայկական կողմում ներկա պահին 2 ադրբեջանցի է պահվում` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, որոնք ձերբակալվել են 2014 թվականին Արցախի տարածքում:

Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Ադրբեջանում գերեվարված հայերի ճակատագիրն են քննարկել Տոնոյանը և ԿՄԽԿ ներկայացուցիչները

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:

Պատանդների վերջին փոխանակումը հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել 2019թ.–ի հունիսի 28-ին։ Այդ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով փոխանակեցին միմյանց տարածքներում պահվող Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Ադրբեջանում այժմ գտնվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը, որը 2018թ.–ի հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Իսկ նախորդ տարի` 2019 թվականի օգոստոսին, 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանն էր Ադրբեջանի տարածքում հայտնվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ զինծառայողը մոլորվել է այդ տեղանքում:

Տոնոյանը մեկնաբանեց ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելու հարցը