ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik.Հայաստանն ունի ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ մտավոր և գիտական ներուժ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարությունում կայացած քննարկման ժամանակ։
Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի և աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ քննարկել է վերջին մեկ տարում արված աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրներին։
«Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը։ Հայաստանում առկա ներուժի իրացման համար 2 բաղադրիչ պետք է կարողանանք ապահովել` արտադրական հզորությունների և արտահանման ենթակառուցվածքների ձևավորում»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` այս փուլում կարևոր է, որ կարողանան ներքին ռազմական կարիքների պետպատվերի ձևավորման արդյունքում ճիշտ որոշումներ կայացնել։ Դրանց շնորհիվ կկարողանան լուծել երկու խնդիր` խթանել ռազմարդյունաբերությունը և ապահովել անվտանգության ընթացիկ խնդիրները։
«Ես իմ սեփական աչքերով տեսել եմ մի բան...»․ Փաշինյանն ակնարկեց նոր զենքի մասին
Հիշեցնենք, որ Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումները 2020 թ–ին 2019–ի համեմատ ավելացել են շուրջ 22%-ով: Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերություն արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020թ. պետական բյուջեով նախատեսված էր նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ։