Հայաստա՞ն, թե՞ Բալի. «Քաթարավիան» բուժաշխատողներին տոմսե՞ր է նվիրում

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բուժաշխատողներին կտրամադրվի երկու անձի համար երկու ուղղությամբ էկոնոմ դասի մինչև երկու տոմս և  35%  զեղչ Qatar Duty Free–ի խանութներից օգտվելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի –Sputnik. «Քաթարի ավիաուղիները» որոշել են յուրովի շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին և նրանց հնարավորություն ընձեռել այցելելու ցանկացած երկիր «շնորհակալական տոմսերով»։ Սակայն օգտատերերի բազմաթիվ մեկնաբանությունները վկայում են ընկերության անբարեխղճության մասին։

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Qatar Airways–ը հայտարարել է, որ աշխարհում 100 հազար բժիշկ կկարողանա մեկնել իր երազած երկիրը` շնորհիվ ավիաընկերության «շնորհակալական տոմսերի»։

«Շնորհակալություն ամբողջ աշխարհի բուժաշխատողներին։ Ձեր հսկայական ջանքերն ու անհավանական տոկունությունը մեզ հույս ներշնչեցին այս ծանր ժամանակներում։ Ի նշան երախտագիտության՝ ձեր ծանր աշխատանքի և գործին նվիրված լինելու համար, մենք էկոնոմ դասի 100 հազար ավիատոմս ենք տրամադրում երկու ուղղությամբ Qatar Airways չվերթերից օգտվելու համար», – նշված է ավիաընկերության պաշտոնական կայքում։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ բուժաշխատողներին կտրամադրեն երկու անձի համար երկու ուղղությամբ էկոնոմ դասի մինչև երկու «շնորհակալական տոմս» և 35% զեղչ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում Qatar Duty Free–ի խանութներից օգտվելու համար։

Ակցիան հետաքրքրել է նաև հայկական լսարանին։ Համացանցի հայկական տիրույթի օգտատերերից մեկը խորհուրդ է տվել ընտրել Հայաստանը կամ Բալին` իր գրառումն ուղեկցելով համապատասխան  հեշթեգերով` #armenia և #bali։ Օգտատերերը գրառման տակ բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են թողել։

Համապատասխան գրառում է հայտնվել նաև ավիաընկերության Facebook–ի պաշտոնական էջում։

Սակայն, դատելով բազմաթիվ մեկնաբանություններից, աննախադեպ ակցիան պարզապես գովազդային հնարք է, ավիատոմսեր կստանա առավելագույնը մի քանի մարդ, և ոչ 100 հազարը։

Օգտատերերը վկայում են, որ ակցիային մասնակցելու և գրանցվելու իրենց ջանքերը ձախողվում են։ Գրանցվել փորձել է նաև մեր հայրենակիցներից մեկը, սակայն, պարզվել է՝ Հայաստանի համար տեղերն արդեն, չգիտես ինչու, սպառվել են։