ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ։
«Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով։ Այսինքն` կրտսեր սերժանտը ձերբակալվել է ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու կասկածանքով։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի դին` կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։