ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ավտոտնտեսության նախկին պետ Ս. Բարսեղյանին 18 384 000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Նախաքննությամբ բացահայտվել է, որ Բարսեղյանը 2017-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ամրակցված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների մի մասը մինչ գնահատման նպատակով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը տեղափոխել է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք, և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցներին հանձնարարել «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներից ապամոնտաժել շուրջ 2.744.000 ՀՀ դրամ արժեքի տարբեր դետալներ և հանգույցներ:
Բացի այդ, ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի, Տաշիրի, Սիսիանի և Կումայրիի բաժիններին ամրակցված` չշահագործվող «Ուրալ ԻՄԶ-8» մակնիշի 7 մոտոցիկլետներից ապամոնտաժել է դրանց հիմնական պահեստամասերը և նոր միայն գնահատման հանձնել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությանը», որի հետևանքով 16 200 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ յոթ մոտոցիկլետները գնահատվել են շուկայականից անհամեմատ էժան՝ ընդհանուր 560 000 ՀՀ դրամ արժեքով:
Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի. վարչապետի պաշտպանը դատարանում ասաց` օրենքը կոպտորեն խախտվել է
Բացի այդ, գնահատումից հետո իր երկու աշխատակիցների հանձնարարել է միջնորդավորված ձևով մասնակցել աճուրդին ու գնել 7 մոտոցիկլետները, ինչից հետո դրանք տեղափոխել են ոստիկանության ավտոտնտեսության տարածք Այնտեղ, արդեն, Ս. Բարսեղյանի հանձնարարությամբ դրանք համալրվել են նախկինում ապամոնտաժված դետալներով և օտարվել տարբեր անձանց:
Ս. Բարսեղյանը ձերբակալվել է։ Այսօր` մայիսի 13–ին, միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Անհայտ անձը կամ անձինք շարքից հանել են Ucom-ի` Արմավիրում գտնվող բջջային կայանը