Արամ Թանանյանն ու իր օգնականները զրուցել են միջանկյալ գոտում մնացած քաղաքացիների հետ և հորդորել, որ վերադառնան իրենց բնակության վայրերը` մինչև Լարսի անցակետը բացվի, բայց նրանք չեն լսել ու հետզհետե հավաքվել են նշված գոտում։ Ըստ Թանանյանի` նրանց հետ ոչ ոք չի կարող շփվել, դա բացառվում է։ Այսինքն` ստացվում է, որ նրանք Ռուսաստանից դուրս են եկել, բայց չեն կարող մտնել Վրաստանի տարածք, քանի որ Վրաստանում կա որոշում, ըստ որի` այլ քաղաքացիներն իրավունք չունեն մուտք գործել Վրաստան կամ դուրս գալ այնտեղից, մինչև կարատինը չավարտվի։
«Բնական է, որ վրացիները թույլ չէին տալու մարդկանց մուտք գործել իրենց տարածք։ Ի դեպ` նրանց տեղեկացրել են և՛ տեղի քաղաքացիները, և՛ սահմանապահները, և՛ մենք։ Ռուսական կողմն իրավունք չունի բաց չթողնել մերոնց, այլ իրավունք ունի թույլ չտալ ՌԴ քաղաքացիների մեկնումն այդ երկրից։ Ռուսական կողմը թույլատրել է, բայց վրացական կողմն էլ իրավունք է իրեն վերապահել այլ երկրների քաղաքացիներին իր տարածք չընդունել»,– նշում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդը։
Արամ Թանանյանի փոխանցմամբ` ստեղծվել է բավականին անհասկանալի իրավիճակ, ու եթե մեր քաղաքացիները վերադառնան Ռուսաստան` մեխանիկորեն կրկին կհայտնվեն կարանտինի մեջ։ Եթե մեր քաղաքացիները մնային Ռուսաստանի տարածքում, նման խնդիր չէր առաջանա։
Կորոնավիրուսը Ռուսաստանում և Վրաստանում. ինչ վիճակ է այս երկրներում
Թանանյանի տեղեկացմամբ` իրեն մեկ ամսվա ընթացքում զանգել են հազարավոր մարդիկ ինչպես ՌԴ–ից, այնպես էլ Հայաստանից։ Նա բոլորին հորդորել է ցամաքային սահմանն անցնելու փորձ չանել, քանի որ Լարսի տարածքում մնալու կամ ապրելու պայմաններ կամ հնարավորություններ չկան, սանիտարական վիճակն էլ խիստ սահմանափակ է։
«Երբ սահմանը բացվի, Մոսկվայում տեղակայված մեր դեսպանատան կայքով կտեղեկացնենք, որ բոլորը վերադառնան, անցնեն սահմանված կարգով։ Նման ինքնագործունեությունը պարզապես բարդացնում է իրավիճակն ու ստեղծում լարումներ։ Լարված խոսակցություններ են եղել մասնավորապես սահմանապահների հետ, որոնք պետական ծառայողներ են»,– տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդը։
Նրա փոխանցմամբ` կամ պետք է այդ մարդկանց տեղավորեն մեկ մեքենայի մեջ և ուղեկցեն մինչև Հայաստան, կամ հետ ուղարկեն Ռուսաստան, բայց ՌԴ տարածքում ոմանց կեցության ժամկետն արդեն լրացել է։
Թանանյանը կարծում է, որ երկրների արտգործնախարարությունները պետք է համաձայնության գան և գտնեն այս հարցի լուծումը։
Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար