Հայաստանյան օդանավերի հարցով նիստը կայացել է առցանց. մասնակցել է նաև Տաթևիկ Ռևազյանը

EASA-ն լսել է հայկական կողմի փաստարկներին, դիտել են թռիչքային անվտանգության ապահովման մասին շնորհանդեսները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ մայիսի 12-ին, ինչպես և նախանշված էր, տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի առցանց նիստը:

«ՀՀ քաղավիացիայի խնդիրը կկարգավորվի անկախ մայիսի 12-ի նիստից». Ավինյան

Նիստին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական ունեցող ընկերությունների ներկայացուցիչները։

«Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում Կոմիտեի և ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ: Կոմիտեն համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները»,- հայտնում են կոմիտեից:

Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չէ. Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է աուդիտորի նամակը

Հայկական կողմը հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրել անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:

Եվրոպական Միության անվտանգության թիմն իր վերջնական զեկույցը Կոմիտեին կտրամադրի մայիսի վերջին:

Հիշեցնենք՝ 2020թ-ի փետրվարի 4-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում անցկացրած աուդիտի արդյունքում Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) հայկական 2 ավիաընկերություններ զրկել էին դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից: