«Եթե այս տեմպերով գնանք, ստիպված կլինենք նորից սահմանափակումներ մտցնել». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook սոցցանցի ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսի տարածման այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 180–ով և դարձել 3718

«Մի քանի օր է` 100-ից շատ են կորոնավիրուսի դեպքերը, ինչը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները չեն պահպանվում։ Մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի չվարակվելու և ուրիշներին չվարակելու` պահպանելով հակահամաճարակային կանոնները»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե այս տեմպերով գնանք, ստիպված կլինենք նորից սահմանափակումներ մտցնել, ինչը խիստ անցանկալի է։

Փաշինյանը նշեց` հաշվի առնելով երկրում առկա տնտեսական և սոցիալական վիճակը և այն, որ կորոնավիրուսի տեմպը չի նվազում` կառավարությունը որոշել է գնալ սահմանափակումների` փուլային նվազմանը։

Անդրադառնալով կառավարության` կորոնավիորւսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին` Փաշինյանը նշեց, որ արդեն իսկ 73 մլրդ դրամ է բաշխվել և 1.1 մլն քաղաքացի է օգտվել դրանցից։

«Խնդրում եմ, կոչ եմ անում և պահանջում պահպանել հակահամաճարակային կանոնները»,–իր խոսքն ամփոփեց վարչապետը։

Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ պարետատունը քննարկում է Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ տեղեկացրել էր, որ հնարավոր է` տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա. այս հարցը նույնպես քննարկման է դրվել։

Այսօրվա տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3718–ի։