«Վերին Լարսը» դեռ փակ է. ՀՀ ԱԳՆ-ն կոչ է հղել այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին

ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձն իրականացնել բացառապես պարետատան և ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով և ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 Մայիս — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հիշեցնում են, որ «Վերին Լարսի» անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Գերատեսչությունն անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան:

Խոշոր պետությունները վերացնում են սահմանափակումները․ դոլարի փոխարժեքն աճում է

«Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի և գործողությունների ծրագրի: Նման համակարգված աշխատանքը հնարավորություն է  տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը և Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական և ծրագրված բնույթ»,–ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ պարետատան և ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:

Ուստի արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում Հայաստան վերադարձը իրականացնել բացառապես պարետատան և ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով և ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից:

ՌԴ–ն աստիճանաբար հանում է սահմանափակումները, բայց չի թուլացնի պայքարը վարակի դեմ․ Պուտին

Նշենք, որ Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանները փակել է արտասահմանցիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի, նաև դադարեցրել է ավիահաղորդակցությունը։ Մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։