ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն փոխզիջման հիման վրա, որը ապրիորի նշանակում է հրաժարվել կողմերից որևէ մեկի մաքսիմալիստական դիրքորոշումներից։ Այս կարծիքը հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Նախարարության YouTube-ի պաշտոնական ալիքը Մնացականյանի ելույթի տեսանյութն է հրապարակել։
«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, մենք միտված ենք շարունակել գործնական աշխատանքը։ Երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ պրակտիկ աշխատանքը ու մտադիր ենք շարունակել այն հետագայում։ Ուժի կիրառումն ու սպառնալիքները մերժելի են», - ասել է ՀՀ արտգործնախարարն իր խոսքում։
Նա ավելացրել է, որ հակամարտության լուծումը պետք է հիմնվի փոխզիջման սկզբունքի վրա, ու պարզաբանել է՝ փոխզիջման որ տեսակն է հայկական կողմն ընդունելի համարում։
«Փոխզիջումը նշանակում է հերքել կողմերից որևէ մեկի մաքսիմալիստական դիրքորոշումները։ Մենք այդ մտադրությամբ ամենայն լրջությամբ կշարունակենք աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ`Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասել է նա։
Հիշեցնենք՝ մայիսի 6-ին Մնացականյանը Ղարաբաղյան հակամարտության խնդիրը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ղարաբաղյան կարգավորման հետագա քայլերը։
Կարիք չկա ավելի փորփրել. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին