ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի– Sputnik. Հայկական կողմի նախաձեռնությամբ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:
Ինչպես հայտնում է նախարարության պաշտոնական կայքը, զրուցակիցներն անդրադարձել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-3» ծրագրի շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկած բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի վրա:
Կողմերը կարևորել են ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:
«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է Պապիկյանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանն ու դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ:
Ինչ ճանապարհներով և ինչքան վնաս է հասցվել պետությանը Հյուսիս-հարավի շինարարության ժամանակ
Հիշեցնենք՝ 2018-ի սեպտեմբերին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության ընթացքում խոշոր չափերի չարաշահումներ են տեղի ունեցել: Հարուցվեց քրեական գործ: Մինչ այդ նույն ընկերության նկատմամբ պարտքի գանձնման պահանջով դատարան էին դիմել նաև պարտատեր կազմակերպություններից մի քանիսը: