Հնարավոր է` Հայաստանում տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա

Այս պահին քննարկվում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ կապված հաջորդ քայլերը, այդ թվում` տրանսպորտի աշխատել–չաշխատելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանում, հնարավոր է, տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Այս պահին քննարկվում է տնից դուրս գալիս պարտադիր կերպով դիմակ կրելու հարցը»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` քննարկվում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ կապված հաջորդ քայլերը, այդ թվում` տրանսպորտի աշխատել–չաշխատելու հարցը։

Եվս մեկ ամի՞ս. քննարկվում է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը

Հիշեցնենք, որ այսօր Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ պարետատունը քննարկում է Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Ի դեպ, մայիսի 14–ին կառավարության նիստ կա, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը կորոշվի։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 146-ով և դարձել 3538։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 մարդ, կատարվել է 33 313 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1430–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 47 դեպք և մահվան 19 անուղղակի դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 146–ով և դարձել 3538