Բաբկեն Թունյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

Ազգային ժողովի պատգամավորը ջերմություն է ունեցել և ապահովության համար կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook–ի իր էջում գրել է, որ ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը։

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին, նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն էր հայտնել, որ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել:

Ավելի վաղ կորոնավիրուսի թեստ էր հանձնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, նրա թեստի պատասխանը ևս բացասական էր եղել։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 3538–ի։