Արցախի գյուղերից մեկի երեխաներն արևոտ եղանակին բաց երկնքի տակ են դաս անում. լուսանկարներ

Արցախի Վարանդա գյուղի դպրոցում որոշել են դասերն անցկացնել դպրոցի բակում` բնության գրկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արցախյան դպրոցներից մեկում հեռավար ուսուցման փոխարեն որոշել են բացօթյա դասեր անել: Ինչպես հայտնում է «Ամարաս» թերթը, Վարանդա գյուղի դպրոցում ուսուցման այդ տարբերակն են նախընտրում, երբ օրն արևոտ է լինում։ Գյուղում սա կատակով կոչում են «դաշտային դասարան»:

Լուսանկարներում երևում է, որ դպրոցական նստարանները դուրս են բերել դպրոցի բակ, դրել հենց խոտերի մեջ:

Մաքուր օդին դաս անելը, ըստ ամենայնի, ոչ միայն հաճելի է, այլև վարակի տարածման տեսակետից շատ ավելի անվտանգ:

Հիշեցնենք՝ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Արցախում ևս մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը, որը կավարտվի 2020թ–ի հունիսի 11-ին` ժամը 22:00-ին։

Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Արցախում արտակարգ դրություն էր սահմանվել մինչև մայիսի 12-ը։

Այդ ընթացքում Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 14 դեպք, վարակվածներից 8-ն արդեն բուժվել են։

Մայիսի 11-ի ասուլիսում Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնել էր, որ Արցախում կորոնավիրուսի տարածման բոլոր օջախները մարված են։