ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ընթացքում անդրադարձավ մայիսի 8- ին խորհրդարանում իր ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որը վերածվել էր պատգամավորների միջև ծեծկռտուքի:
Բայց մինչ այդ Սասուն Միքայելյանը նախ հայտարարեց. «Այն, ինչ էդմոնն այս ամբիոնից անվանել էր Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը՝ Էդուարդը, գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է: Բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս` աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից ու Ալենի ծնողից»:
Միքայելյանը նաև զգուշացրեց, որ հրապարակային ներողությունը Մարուքյանի եղբոր համար կլինի լավագույն տարբերակը՝ հիշեցնելով, թե ինչ կառույցի ղեկավար է ինքը:
«Եվ թող հասկանա, որ այդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում,- ասաց նա՝ իր մարտական ընկերներին կոչ անելով զերծ մնալ միջամտությունից,- իրենք ուզում են քաոս սարքեն հանրապետությունում, խնդրում եմ չգնաք դրան, ես կարող եմ իմ մոր պատվին կանգնեմ: Ես ուզում եմ, որ իրենք հասկանան ու երկու եղբայրով ներողություն խնդրեն Ալենից ու ինձանից, և դա Ալենի գործը չէ, եթե չխնդրեն»:
«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին
Անդրադառնալով մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ Միքայելյանը հայտարարեց, որ տեղյակ է, թե «Մարուքյանն ինչ շոումեն է» ու որ կարող է ասել, որ իրեն «սպանել, մորթել, կերել են», հետևաբար ԱԺ ամբիոնից առաջարկով դիմեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարին:
«Այն, ինչ այս դահլիճում կատարվել է, իր մեղքով է կատարվել: Եթե այդքան տղա է ինքը` երկուսով մանդատները վայր դնենք։ Եթե այդքան տղա է, թող մանդատը դնի, ես էլ եմ դնում, թող մեր կուսակցություններն իրենց գործը շարունակեն»,- ասաց նա:
Փաշինյանը միտումնավոր է ԼՀԿ–ին պիտակավորում որպես «նախկինների». հայտարարություն
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։