ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ԱԺ-ն այսօր իր աշխատանքը սկսեց անցած շաբաթ քննարկված մի շարք նախագծերի քվեարկությամբ, որոնց թվում էր նաև «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին հարցը, կամ այսպես կոչված Լանզարոտեի կոնվենցիան:
Մինչ քվեարկությունը ձայն խնդրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը հայտնեց, որ ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պատգամավորներից պահանջելով չընդունել կոնվենցիան:
«Երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր, որոնք դեմ են արտահայտվում այս կոնվենցիային: Կան այնտեղ դրույթներ, որոնք հույս են տալիս, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի կիրականացվի: Բայց մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում երեխայի իրավունքների պաշտպանության լավագույն շահերից»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ հանձնաժողովում կոնվենցիայի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» կողմ էր քվեարկել դրան:
Սեռական դաստիարակության դասերի արդյունավետությունը դպրոցներում ցածր է. Վրեժ Շահրամանյան
«Ցավում եմ, եթե որոշ մարդիկ կարողանում են առավոտյան ազդել ձեր դիրքորոշման վրա ու փոխել այն, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից: Այս կոնվենցիան մանկապղծության դեմ համաձայնագիր է, որը կանխելու է մանկապղծությունը ՀՀ-ում»,- ասաց նա՝ հավելելով, որ «Իմ քայլը» կողմ է քվեարկելու նախագծին:
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: Նախագիծն ընդունվեց:
Հիշեցնենք` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց մինչ օրս այն չէր վավերացրել:
Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:
Կծելուց ու կսմթելուց մինչև բռնաբարություն. ինչ է ընտանեկան բռնությունն ու ինչու չլռել
Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:
Մայիսի 8-ին, կոնվենցիայի նախագծի քննարկման ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում զգուշացրել էր, որ կոնվենցիան ունի նաև վտանգներ պարունակող դրույթներ: Օրինակ՝ 6-րդ հոդվածը նախատեսում է, որ երեխան տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանա սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ: Նախատեսվում է նաև այդ հարցով քաղաքացիական հասարակության կողմից իրականացվելիք ծրագրերի մասին:
Պատգամավորի համոզմամբ` 6-10 տարեկան երեխաներին սեռական շահագործման մասին պատմելն անընդունելի է, իսկ քաղհասարակության ծրագրերում պատգամավորը ազգային անվտանգության դեմ ուղղված վտանգներ նկատեց:
«Այլևս չի կարող շարունակվել». Արսեն Թորոսյանը սարսափել է բռնության մասին պատմություններից