ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատրաստ է խոսել ադրբեջանցի գործընկերոջ` Սաբինա Ալիևայի հետ, եթե հանդիպեն միջազգային որևէ սեմինարի շրջանակում կամ նմանատիպ այլ հարթակում:
«Ազգային ժողովի ամբիոնից ես ասացի, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենի հետ, եթե նման հնարավորություն, առիթ կլինի։ Հատուկ հանդիպելու ցանկության մասին խոսք չկար», - ասաց նա։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Թաթոյանը իբր հայտարարել է, որ ուզում է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ: Ադրբեջանցիները նաև ենթադրել են, որ նա ձգտում է հանդիպել Ալիևայի հետ, քանի որ վերջինս նոր է ստանձնել այդ պաշտոնը:
«Իմ հայտարարությունը կապված չէ կոնկրետ անձի կամ նշանակման հետ», - մեզ հետ զրույցում ասաց Թաթոյանը:
Հիշեցնենք` «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր ԱԺ–ում Թաթոյանին հարցրեց՝ կա՞ն արդյոք շփումներ և քննարկումներ ադրբեջանցի գործընկերոջ հետ, Թաթոյանը պատասխանեց՝ ուղիղ շփումներ, որպես այդպիսիք, չկան, սակայն միջազգային հարթակներում մշտապես պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու և քննարկելու այս կամ այն հարցը:
«Բայց ես միշտ նշել եմ, որ եթե Արցախին վերաբերող հարցեր կան, ապա այդ քննարկմանը պետք է մասնակցի նաև Արցախի ՄԻՊ-ը», - շեշտեց նա:
Սաբինա Ալիևան Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2019 թվականի նոյեմբերի 29-ին։ Արման Թաթոյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել է 2016թ. փետրվարի 23-ին: