ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Օրեր առաջ Աղստև գետն ընկած ավտոմեքենան հայտնաբերվել է, որի սրահում եղել է վարորդի դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են, որին մասնակցել է 34 փրկարար։
Աշխատանքներին ներգրավվել է Դիլիջանի քաղաքապետարանի երկու ծանր տեխնիկա, մեկ վերամբարձ կռունկ, փրկարարների և ջրափրկարարների կողմից որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են նաև հատուկ միջոցներ և սարքավորումներ:
«Ժամը 16։40-ին ավտոմեքենան հայտնաբերվել է։ Փրկարարները և ջրափրկարարները վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և, մասնատելով այն, սրահում հայտնաբերլ են վարորդի դին, որը հանձնել են շտապօգնության աշխատակիցներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Գնացել էր սունկ հավաքելու. Բերդում տղամարդը չի վերադարձել անտառից
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենան է ընկել Աղստև գետը։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել էր, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում 41-ամյա Ժիրայր Ա.-ն «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:
Գետի վարարման պատճառով փրկարարներին չէր հաջողվել ավտոմեքենան դուրս բերել․ աշխատանքները դադարեցվել էին, իսկ հաջորդ օրերին կրկին վերսկսվել: