ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող հայաստանյան բուժկենտրոնների շարքում ամենաշատ հիվանդներն այս պահին ունի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։ Հենց այս բուժկենտրոնում են գտնվում նաև ամենածանր հիվանդները։ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բուժկենտրոնի տնօրեն Արմեն Հովակիմյանի և առողջապահության նախարարի տեղակալ Վարդան Սմբատյանի հետ շրջայց է կատարել բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 138–ով և դարձել 3313
Վերակենդանացման բաժանմունքում 45 ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան։ Ծանր վիճակում հիվանդներ կան նաև այլ բաժանմունքներում։ Այս պահին բուժկենտրոնում գտնվող ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ընդհանուր թիվը 70 է։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ամենաերիտասարդ հիվանդն ընդամենը 47 տարեկան է։ Նա ինտուբացված է, ունի խրոնիկ երիկամային անբավարարություն, կատարվում է հեմոդիալիզ, ունի նաև շաքարային դիաբետ։
Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդներից շատերի մոտ ամենահաճախ հանդիպող ուղեկցող խրոնիկական հիվանդություններն են շաքարային դիաբետն ու արյան զարկերակային գերճնշումը։
Ամենածանր հիվանդներից մեկի մոտ կրկնակի իշեմիկ ինսուլտ է, հիվանդը 85 տարեկան է, նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկների կանխատեսումներն առայժմ բացասական են։
73 -ամյա ևս մեկ հիվանդ եղել է ծայրահեղ ծանր վիճակում՝ տոտալ թոքաբորբով։ Արդեն հիվանդանոցում առաջնակի շաքարային դիաբետ է հայտնաբերվել, որի մասին հիվանդը չի իմացել։ Բժիշկների խոսքով՝ նման հիվանդներ շատ են լինում, երբ շաքարային դիաբետը հայտնաբերվում է միայն հոսպիտալացումից հետո։ Բժիշկներն ուրախությամբ արձանագրում են, որ այս հիվանդի դեպքում արդեն դրական դինամիկա կա։
Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդների կյանքը փրկելու համար բուժկենտրոնում մեծածավալ բժշկական գործողություններ ու միջամտություններ են արվում, եղել է ոտքերի ամպուտացման դեպք, ինչպես նաև հղի կնոջ ցանկությամբ համապատասխան ժամկետների պահպանմամբ հղիության ընդհատում է արվել։
Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3313 է։ Նրանցից այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 մարդ, վարակվածներից 1325–ն արդեն առողջացել են։ Ընդհանուր առմամբ` գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 45 և մահվան 15 անուղղակի դեպք:
Մեր բժիշկները Հիպոկրատի երդման արժեքը գիտեն. ինչպես օգնենք նրանց դիմակայել կորոնավիրուսին