ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–նշված է Փաշինյանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետն ու տիկին Հակոբյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն։ Նրանք ծաղիկներ են դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Ստեփանակերտի նորակառույց թաղամասի կաթսայատուն, որն աշխատում է պելետային համակարգով: Վարչապետը ծանոթացել է կաթսայատան աշխատանքին և պելետներով թաղամասի ջեռուցման հնարավորություններին: