Ինքնորոշման իրավունքը պետք է լինի հիմքում. Արցախի և ՀՀ ԱԺ նախագահները հանդիպել են

Արցախի և ՀՀ ԱԺ նախագահները հանդիպման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արդյունքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Արցախում տոնական միջոցառումներ են. մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը

«Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ և կրկին վերահաստատել, որ Արցախյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջև համագործակցության արդյունքները:

Արցախի ԱԺ կայքից էլ տեղեկանում ենք, որ առանձնազրույցի ընթացքում ԱԺ նախագահներն ամփոփել են խորհրդարանական համագործակցության անցած ժամանակաշրջանը և վստահություն հայտնել, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ:

Հաղթանակի օրը «Հաղթանակ» այգում. հարգանքի տուրքից մինչև ավիացիոն զորահանդես. լուսանկարներ

Առավոտյան տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Աշոտ Ղուլյանը և Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Նրանք այցելել են Շուշի ու ծաղիկներ խոնարհել բերդաքաղաքն ազատագրողներին նվիրված և Վազգեն Սարգսյանի հուշարձաններին: