Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում

Հաղթանակից 75 տարի անց առաջին անգամ ջրառատցին հնարավորություն ունեցավ ծաղիկ խոնարհվելու իր նախնիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրը Հայաստանի Հանրապետության այն եզակի վայրերից է, որ մինչ այսօր չի ունեցել Մեծ Հայրենականի զոհերին նվիրված հուշակոթող: Իսկ հանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած ջրառատցիները քիչ չէին. 219 մարդ, նրանցից 97-ը զոհվել են պատերազմում: Մինչ այս մարդիկ պարզապես գյուղամիջում հավաքվել, պատմել ու հիշել են իրենց հայրերի ու պապերի սխրագործությունների մասին:

Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում

Ու երբ ծնունդով ջրառատցի, ռուսատանաբնակ Ֆիրդուս Սարոյանը գյուղին իր օգնությունն առաջարկեց, բնակիչները միանգամից հուշահամալիր կառուցելու ծրագիրը հավանության արժանացրին: Այսօր, երկար տարիներ անց, Ջրառատում բացվեց տեղի արհեստավորների ձեռքով կառուցած համալիրը։ Այն եզակի է. խաչքարից ու հավերժությունը խորհրդանշող քանդակից բացի նաև հուշատախտակներ են, որոնց վրա ամփոփված  են ռազմաճակատ մեկնած բոլոր 219 ջրառատցիների անունները:

Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում

«Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած բոլոր ջրառատցիների անուններն ամփոփված են այստեղ: Որպեսզի ոչ մեկին բաց չթողնենք, տվյալները վերցրել ենք ազգային արխիվից: Պատերազմից 75 տարի անց սա հիշատակի ու խոնարհումի յուրօրինակ դրսևորում է»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց բարերարի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ հուշատախտակին շատերի անունների կողքին նաև բարերարի պապիկի՝ Արմենակ Խլղաթյանի անունն է, որը, ինչպես Ջրառատում շատերը, մասնակցել է Կերչի ազատագրմանը:

Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում

Չդադարող հորդառատ անձրևը չխանգարեց գյուղի նախկին ու ներկա բնակիչներին հավաքվել հուշահամալիրի տարածքում, նրանցից յուրաքանչյուրը մոտենում ու ծաղիկ էր դնում այն հուշատախտակին, որի վրա իր հարազատի անուն ազգանունն էր դաջված: «Պապիկիս անունն է ՝ Հակոբյան Զարզանդ: Եղել է այս գյուղի կոլխոզի նախագահը, մեկնել է ռազմաճակատ 1941  թվականին, ծառայել է Թամանյան դիվիզիայում: Մեր  ազգականներից էլի մասնակիցներ կան»,-պատմում է թոռը՝ Շուռիկ Հակոբյանը:

Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում

Հուշահամալրի տարածքում գտնվող խաչքարը օրհնվեց, օրվա խորհուրդը շնորհավորեցին համայնքի ու վարչական տարածքի ղեկավարներն ու բարերարի ներկայացուցիչը:

Հետայսու ջրառատցին մայիսյան եռատոնը կսկսի հենց այս հուշահամալիրի տարածքից:

Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում

Հավելենք, որ գյուղը հիմնվել է 1828 - 1829 թթ. Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի գյուղերից գաղթած բնակիչների կողմից: Այն այսօր  ունի 1230 բնակիչ: Գյուղը նախկինում կոչվել է Չրախլի, որը նշանակում է «լույսով լի»: 1945 թ վերանվանվել է Ջրառատ: