Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

1941 թվականի աշնանը գերմանական բանակի անպարտելիության մասին միֆը ցրվեց։ Սա Մոսկվայի մերձակայքում խորհրդային զորքերի հակագրոհի հետևանքն էր։ Այդ նշանավոր մարտերում առանցքային դեր ունեցավ ծնունդով արցախցի Հայկ Շադունցը։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մերձմոսկովյան Լոբնյայում կանգնեցվել է «շադունցի թնդանոթ» անունը ստացած լեգենդար զենիթային թնդանոթի հուշարձանը։ Հայկ Ավագի Շադունցը` Մարտական կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշանների ասպետը, Լոբնյա քաղաքի պատվավոր քաղաքացի է, որտեղ նրա անունով նրբանցք կա...

Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

Մոսկվայի պաշտպանության գծերից մեկն անցնում էր Լոբնյայի ուղղությամբ, այստեղ էր գտնվում մայրաքաղաքին առավել մոտ հատվածը։ Կատաղի մարտերը, որոնք որոշիչ եղան Մոսկվայի պաշտպանության գործում, տեղի են ունեցել 1941 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 8-ը։ Հենց այստեղ Հայկ Շադունցը ֆաշիստական տանկերի դիմաց փակել է ճանապարհը` թույլ չտալով դրանց ներխուժել Մոսկվա։ Այսպես մերձմոսկովյան Լոբնյան դարձավ զինվորական սխրագործության քաղաք։

Ինչպես է դա եղել

Խոսքերն անկարող են փոխանցել  այն, ինչն այդ տարի դեկտեմբերի առաջին օրերին տեղի էր ունենում Լոբնյայի մոտ, մասնավորապես` Գորկի, Կատյուշկի և Կիովո գյուղերի մոտակայքում։ Մե՛կ գերմանացիներին էին հարձակվում, մե՛կ խորհրդային զորքերը։

ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը հիշել է հետախույզ Վարդանյան զույգի սխրագործությունները

Ինչ-որ պահի հակառակորդը կարողացավ պաշտպաններին դուրս մղել Գորկիից։ Սակայն քիչ հեռու` Կիովոից դեպի արևմուտք, հակատանկային խրամատ կար, որտեղ հետևազորն էր, իսկ խրամատի հետևում տեղակայված էր 85 մմ զենիթային թնդանոթների մարտկոցը։ Այդ թնդանոթները կարող էին շարքից հանել թշնամու ցանկացած տանկ։ Սակայն դեռ գրոհից առաջ` նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի  գիշերը, գերմանացիները հրետանային հարձակման ժամանակ ոչնչացրին մարտկոցի չորս զենքերից երկուսը։ Հաջորդ օրն առավոտյան գերմանացիները, ցանկանալով գրավել գյուղը, 11 տանկ գործի դրին, որոնցից երկուսը ոչնչացվեցին։ Դրանից հետո հակառակորդը նահանջեց։

Կարմիր բանակին հաջողվեց հետ մղել գերմանական հրետանու և տանկերի գրոհը Կիովոյի վրա, բայց ինչ գնով. միայն մեկ զենք էր մնացել` 864-րդ զենիթահրետանային գնդի 13-րդ մարտկոցի առաջին հաշվարկի  հրամանատար Հայկ Շադունցինը։ «Մեր գործն արդար է. մենք կհաղթենք»։ Այս կարգախոսով էր նա առաջնորդվում` հետ մղելով թշնամու հարձակումը։

Այսպիսով, 1941 թվականի դեկտեմբերի առաջին օրերին նրա հրամանատարության տակ գտնվող  մարտական հաշվարկը զենիթային զենքի ուղիղ նշանառությամբ կարողացավ հետ մղել ֆաշիստների տանկային բոլոր գրոհները։ Նրանք ամեն գնով փորձում էին հասնել երկաթգիծ, այնուհետև Դմիտրովյան մայրուղի։ Դա Մոսկվային ամենամոտ կետն էր, որ հասել էին գերմանացիները։

Սխրանքն արվեստում

Հայկ Շադունցը ծնվել է 1920 թվականին, բանակ է զորակոչվել 1940-ին` 20 տարեկանում։ Այնպես որ, ռազմաճակատում նա եղել է պատերազմի առաջին օրերից։ Շադունցը «մարտական մկրտություն» է ստացել 1941 թվականի հուլիսի 21-ին, Մոսկվայի վրա թշնամու օդային հարձակման առաջին օրը։ Իսկ Լոբնյայի վտանգավոր ուղղությամբ, որտեղ իր սխրանքը կատարեց Հայկ Շադունցի հրանոթի անձնակազմը, նրա մարտկոցն ավելի ուշ էր տեղադրվել։ 

Հրետանային այդ սխրանքի մասին պատմվում է Մեծ հաղթանակին նվիրված լավագույն ֆիլմերից մեկում։ 1962 թվականին էկրաններ բարձրացած «Դռանդ մոտ» («У твоего порога») ֆիլմի ռեժիսորը Վասիլի Օրդինսկին է` Հայրենական պատերազմի շքանշանի ասպետ և հատուկ նշանակության առանձին գումարտակի կրակային դասակի հրամանատար։

Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը

Նույն իրադարձություններին է նվիրված նաև 1995 թվականին Կորոբկովի նկարած «Զենիթայինների մարտը` 1941 թվականի դեկտեմբերի 3» («Бой зенитчиков 3 декабря 1941 года») կտավը։   Ասում են, որ կտավի ստեղծման ժամանակ ինքը` Հայկ Շադունցն է խորհրդատվություն տվել նկարչին։ Կտավը պահվում է Լոբնյայի պատմության թանգարանում։

Արցախցու սխրագործությանը բանաստեղծություն է նվիրել պոետ Յուրի Պետրովը։ Բանաստեղծությունը կոչվում է «Սերժանտ Շադունցի մարտը տանկերի հետ» («Бой сержанта Шадунца с танками»)։

Հայկ Շադունցը ծնվել է Արցախում, մի հողի վրա, որը աշխարհին բազմաթիվ հերոսներ ու ականավոր զորահրամանատարներ է տվել։ Հիշենք, որ Արցախում էին ծնվել նաև մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), ծովակալ Իսակովը և մի շարք այլ փառապանծ մարտիկներ...

Սակայն Հայկը Շադունցների ընտանիքից միակը չէր, որ մեծ ներդրում էր ունեցել Հայրենական մեծ պատերազմին։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց եղբոր թոռնուհին` Լիանա Շադունցը, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում զգալի դեր է ունեցել նաև իր պապը` Հակոբ Շադունցը։

Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում

«Պապս վաշտի հրամանատար էր, կապիտանի կոչում ուներ։ Մասնակցել է «Փոքր Երկրի» (ռազմահենադաշտ Նովորոսիյսկից դեպի հարավ գտնվող Ստանիչկի շրջանում, որը ձևավորվել է 1943 թվականի փետրվարի 4-ին Սևծովյան նավատորմի դեսանտային օպերացիայի արդյունքում` խմբ.) մարտերին։ Ի դեպ, այնտեղ է պատերազմել Բրեժնևը», – ասում նա։

Լիանայի խոսքով` պապը պարգևատրվել է շքանշանով, մեդալների թիվն էլ անհաշվելի է։

Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

 «Պատերազմից հետո պապս ապրել է Բաքվում, որտեղ աշխատել է առևտրի նախարարությունում։ Սակայն Բաքվի 1989-90 թվականների իրադարձություններից հետո ընտանիքով Հայաստան է տեղափոխվել։ Մահացել է 1996 թվականին, թաղված է Երևանում», – ասում է նա։

Լիանան ընդգծում է, որ պապը նաև իրենց է սովորեցրել, որ  հայրենիքը պետք է պաշտպանել` նույնիսկ սեփական կյանքի գնով։

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

Ինչ վերաբերում է Հայկ Շադունցին, պատերազմից հետո, ի տարբերություն եղբորը, նա Մոսկվայում է մնացել։ 1947 թվականին ընդունվել է աշխատանքի Ավիացիոն մոտորաշինության կենտրոնական ինստիտուտում, որտեղ բարձր պաշտոններ է զբաղեցրել, ընդհուպ մինչև տնօրենի տեղակալ։ Զուգահեռ սովորել է Մոսկվայի պետական տնտեսագիտական ինստիտուտում, որն ավարտել է 1953 թվականին։

Հայրենական պատերազմի հերոսը մինչև կյանքի վերջին օրերը այցելում էր Լոբնյա, հանդիպում էր երիտասարդության և աշակերտների հետ։

2001 թվականի սեպտեմբերին, հաղթահարելով ծանր հիվանդությունը, Հայկ Շադունցը ծածանեց 1941 թվականի Մոսկվայի պաշտպանների դրոշը։ Նույն տարվա  դեկտեմբերին, 82 տարեկան հասակում նա հեռացավ կյանքից։