ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների միջև խաղաղության մշակույթի տարածումն ու խրախուսումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է Ֆրանցիսկոս Պապի կողմից անցած ամիս կատարած համընդհանուր զինադադարի կոչը, ներկայացնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը ու նաև երախտագիտություն հայտնել Նորին Սրբությանը՝ հայ ժողովրդի ու պատմական արդարության կողքին մշտապես կանգնելու համար։
Ֆրանցիսկոս առաջինը 83 տարեկան է. նրան Հռոմի պապ է դարձրել անպատասխան սերը
Նորին Սրբությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու երկրորդ տարին լրանալու կապակցությամբ: Նա մեծ գոհունակությամբ ընդգծել է Հռոմի կաթոլիկ և Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու անսասան կապը: Հռոմի սրբազան քահանայապետը վերահաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ կաթողիկե համայնքի դերակատարումը հայ ժողովրդի կյանքում, խոսել երկկողմ միջպետական հարաբերությունների ընդլայնման պատրաստակամության մասին: