Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախ

ՀՀ վարչապետի որոշմամբ` Արցախում նրան կուղեկցեն Մանե Գևորգյանն ու Արմեն Խաչատրյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կլինի Արցախի Հանրապետությունում: Նա որոշում է ստորագրել, ըստ որի` մայիսի 8-10-ը Արցախում  իրեն կուղեկցեն մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ու վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը լուսաբանելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին ու վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի մայիսի 8-10-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ)»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ 28 տարի առաջ` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ: Շուշիի ազատագրումը ապագա հաղթանակների հիմք հանդիսացավ և կարևոր հանգրվան դարձավ հայկական ռազմական փառքի վերածննդի համար։ Հենց այդ պատճառով էլ մայիսի 9-ին Հայաստանը եռակի տոն է նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծումը։

Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Եռատոնին ընդառաջ ուղերձ էր հղել և հայտնել, որ կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում ստիպված են չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով: Այս տարի տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզամշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ: