Միայն տաղանդը քիչ է. Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է հայ երեխաների հարցերին. տեսանյութ

Ճանաչված ֆուտբոլիստը պատմել է կորոնավիրուսի պատճառով մեկուսանալու դժվարությունների, իր հաջողությունների և դրանց հասնելու ճանապարհի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանն այսօր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ինստագրամյան էջի ուղիղ եթերում պատասխանեց երեխաների հարցերին։

Երեխաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է հարմարվել Մխիթարյանը մեկուսացման ռեժիմին։ Ֆուտբոլիստը նշեց, որ իրեն սկզբում շատ դժվար էր կտրվել ընկերներից, շրջապատից, մարզումներից։

Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանը միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին

«Եթե հաշվի առնենք, որ Իտալիայում կարանտինը սկսվել է երկու ամիս առաջ, շատ դժվար էր, քանի որ պետք է տանը փակված մնայինք։ Կարելի է ասել, սա բոլորիս համար նոր փորձություն է, որովհետև շատ դժվար է նստել տանը։ Բայց փորձում ենք լավ տրամադրվել և չհուսահատվել, մինչև ամեն ինչ կշտկվի»,-ասաց ֆուտբոլիստը։

Երեխաներից մյուսն էլ հետաքրքրվեց, թե որն է լավ ֆուտբոլիստ դառնալու գաղտնիքը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Children of Armenia Fund (@coafkids)

«Լավ ֆուտբոլիստ դառնալու գաղտնիք չկա, ավելի շատ ցանկություն է։ Պետք է կարողանաս շատ բաներից քեզ զրկել, նպատակ ունենալ, աշխատել։ Միայն տաղանդը քիչ է, պետք է անել առավելագույնը։ Այդպես է բոլոր բնագավառներում։ Հենց այնպես, ուղղակի ժամանակ անցկացնելու համար իմաստ չկա, ժամանակ ես վատնում։ Պետք է գտնես քոնը, ցանկությունը, նպատակը և առաջ շարժվես»,-ասաց Հենրիխը։

Նրա խոսքով` իր կյանքում եղել են դժվարություններ, հիասթափություններ, բայց դրանք տևել են առավելագույնը մեկ օր, հետո առաջ է շարժվել։

«Ֆուտբոլիստի կյանքում շատ են քննադատություններ․ մեկ վատ հանդիպում, և բոլորը քեզ քննադատում են։ Պետք է կարողանաս ամեն ինչին պատրաստ լինել։ Եթե հաճույք ստանաս ֆուտբոլից, արդեն երկրպագուներն էլ հաճույք կստանան քո խաղից։Եթե թույլ եղար, չես կարող ֆուտբոլ խաղալ, այլ մարզաձևով զբաղվել։ Պետք է ունենաս ամուր նյարդեր և դիմադրես այդ ամենին»,-ասաց նա։

Անդրադառնալով իր կարիերայի բեկումնային պահերին` Հենրիխը նշեց, որ դրանք հիմնականում եղել են ակումբից ակումբ տեղափոխվելու ժամանակ։

Ալեքսանդր Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին «Սոչի» է հրավիրել

Ֆուտբոլիստը վստահ է, որ Աստված բոլորին հնարավորությունները բաշխում է հավասարաչափ, բայց մարդուց է կախված` կօգտվի դրանցից, թե ոչ։

Մխիթարյանը նաև նշեց, որ «Ռոմայի» ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ չհեռանալ Իտալիայից, քանի որ վերադառնալուց հետո ստիպված կլինեն երկու շաբաթ մեկուսանալ։ Այս շաբաթ «Ռոման» վերսկսել է մարզումները։

Հենրիխի խոսքով` արդեն 2 օր է, ինչ վերսկսել են մարզումները։ Առաջիկա խաղը նախատեսված է սեպտեմբերին, բայց ոչ ոք չգիտի` այն տեղի կունենա, թե ոչ։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։

Դոնեցկի «Շախտյորը» չի մոռանում Հենրիխ Մխիթարյանին ու նրա «թնդանոթային» հարվածները