Մայիսի 9-ին ՀՀ քաղաքացիներին անակնկալներ են սպասվում

Պատասխանատու պաշտոնյաները ներկայացրել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոներին նախանշված միջոցառումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում մայիսյան հաղթանակների տոնին՝ մայիսի 9-ին, փակ են լինելու «Եռաբլուր» զինվորական պանթեոնն ու «Հաղթանակ» զբոսայգին: Տեղեկությունն այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Հաղթանակի նախերգանք կամ ինչո՞ւ է մայիսի 8-ն առանձնահատուկ մեզ համար

«Բացառապես արարողակարգային միջոցառում է լինելու, ժամը 10:30-ից մինչև 11:00 տեղի կունենա հանրապետության բարձրաստիճան ղեկավարության այցը «Մայր Հայաստան» հուշահամալիր, ծաղկեպսակներ կզետեղվեն, որից հետո մենք կազմակերպել ենք Հայրենական մեծ պատերազմի վետերանների այց՝ նրանց շնորհավորելու համար»,- ասաց Գաբրիելյանը:

Պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ ՀՀ քաղաքացիներին տոնի առիթով նաև անակնկալ է սպասվում, բայց չբացահայտեց այն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ հայտնեց, որ նախատեսված է համերգային ծրագիր, որի մեջ ընդգրկված կլինեն ՊՆ նվագախումբը, երգիչ Արսեն Գրիգորյանը, «Նեմրա» խումբը, Երգի պետական թատրոնի և օպերային հայտնի երգիչները:

«Արթուր Մանուկյանը հանդես կգա մի շատ հետաքրքիր ու շատերի կողմից չճանաչված երգով՝ «Զարթնի՛ր, որդյա՛կ»: Այնուհետև հանդես կգան «Մեկնարկ» նախագծի մեր շատ տաղանդավոր պատանիները»,- ասաց Խզմալյանը:

ՀՀ քաղաքացիների համար տոնական, երաժշտական անակնկալ է պատրաստել նաև երաժիշտ Վահագն Հայրապետյանը: Նա, Արա Խզմալյանի խոսքով, կկատարի «Темная ночь» հայտնի երգի երաժշտությունը՝ ջազային մեկնաբանությամբ:

ԿԳՄՍ փոխնախարարը ևս չցանկացավ բացահայտել բոլոր անակնկալները:

Հաղթանակի ավիաշքերթ. ՌԴ վաստակավոր օդաչուն փորձ է իրականացնում «Էրեբունի» օդանավակայանում

Իսկ  ասուլիսին մասնակցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը ներկայացրեց մայիսի 9-ին նախատեսված անվտանգության միջոցառումները: Նա հայտնեց, որ դրանք մեկնարկել են այսօր առավոտից «Եռաբլուրում», որտեղ ոստիկանական ուժերը բացառում են քաղաքացիների կուտակումները:

«Այսօր 20:00-ից ոստիկանության մեր ուժերը կանցնեն ծառայության «Հաղթանակ» զբոսայգում: Խնդիրը կլինի Անմար կրակի և նրա հարակից տարածքի ճեմուղիների շրջափակումը, որպեսզի այնտեղ մուտք գործեն միայն միջոցառումների մասնակիցները, իսկ մարդկանց ու տրանսպորտային միջոցների մուտքը կարգելվի մինչև մայիսի 9-ի, ժամը 23:59»,- ասաց Մհրյանը:

Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող ճանապարհները

Մայիս 9-ի վաղ առավոտից, փոխոստիկանապետի խոսքով, փակ են լինելու նաև Կոմիտասի անվան պանթեոնի մուտքներն ու ելքերը:

Մհերյանը նաև հայտնեց, որ ոստիկանների հրահանգներին չենթարկվող քաղաքացիները կտուգանվեն 100 000 դրամով: