«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի գնահատականը, ներողություն խնդրեց ականատեսներից ու հիշեցրեց շաբաթներ առաջ Մարուքյանի` ԱԺ փոխնախագահի հասցեին հնչեցրած հայհոյանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik.Հայաստանի խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության գնահատականն ԱԺ ամբիոնից հնչեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նախ ուզում եմ «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից և մեր բոլոր այն հայրենակիցներից, որոնք ականատես դարձան միջադեպին: Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Մակունցը:

Իշխող խմբակցության ղեկավարի խոսքով` ամեն ինչ սկսվել է Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի ընդունումից ու այն պահից, երբ դրա մասին իր դիրքորոշումը հայտնեց «Լուսավոր Հայաստանը»՝ «կողմ» չքվեարկելով այդ նախագծին:

«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ

«Այդ նախագծի ընդունումից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության, հատկապես ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում: Նկատի ունեմ այն, որ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ՝ այս գումարման ընթացքում, նախորդ գումարման ընթացքում, երբեք իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում: Եվ ամեն ինչ սկսվեց այն պահից, և այս միջադեպը հենց դրա հետևանքն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում, ուղիղ եթերում, ի լուր համայն հայության, համայն աշխարհի հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց ներողություն ո՛չ ԱԺ փոխնախագահից, ո՛չ ԱԺ պատգամավորներից ու ՀՀ քաղաքացիներից»,- ասաց Մակունցը:

Նա նաև հայտնեց, որ այդ միջադեպին որոշ գործընթացներ են հաջորդել նաև ԱԺ նիստերի դահլիճից դուրս: «Իմ քայլի» ղեկավարը հայտարարեց, որ արդեն մի քանի շաբաթ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել ու «Իմ քայլին» ներքաշել այնպիսի գործողությունների մեջ, որոնք տեսախցիկների առաջ անբարենպաստ լույսի ներքո կներկայացնեն իրենց:

«Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրել, որ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը»,- ասաց նա:

ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»

Նշենք, որ Մակունցի ելույթի պահին «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նիստերի դահլիճում չէր: Մինչ այդ խմբակցությունն արդեն լքել էր նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ քաղաքական հետևանքներից ու եզրահանգումներից կախված` կորոշի իր ապագա անելիքները խորհրդարանում:

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստում միջադեպ տեղի ունեցավ, որը սկսվեց այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց կոչելով «բութ» ու «սրիկա»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում: «Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանը շիշը ժամանակին հեռացրեց: Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության, ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում: Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։