Հաղթանակի նախերգանք կամ ինչո՞ւ է մայիսի 8-ն առանձնահատուկ մեզ համար

Կոմանդոսը մի անգամ ասել է` բոլորս վստահ էինք, որ հաղթելու ենք, որովհետև առանց Շուշին վերցնելու, մենք կկորցնեինք Արցախը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik.Հայաստանի համար մայիսի 8-ն առանձնահատուկ օր է։ 28 տարի առաջ` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:

Գյումրու պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ 2-ով. Կոմանդոսի ու Մլքեյանի խոստովանությունը

Շուշիի ազատագրումը ապագա հաղթանակների հիմք հանդիսացավ և կարևոր հանգրվան դարձավ հայկական ռազմական փառքի վերածննդի համար։ Հենց այդ պատճառով էլ մայիսին Հայաստանը եռակի տոն է նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծումը։

Ինչպես հայտնի է, Շուշիի օպերացիան իր անվանումը ստացել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մտահղացմամբ։ Երբ գործողությունը ղեկավարող հրամանատարները ներկայացրել են քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ է թվացել։ Հենց այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը հայտարարել է, որ եթե նախագիծը հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն անպայման ամուսնանալու է։ Ի դեպ, նախարարն այդպես էլ ամուրի մնաց։

Հաղթանակների տարեգրություն. Ռեյխստագի քոչարուց մինչև «Հարսանիք լեռներում»

Շուշիի գործողությունը ծրագրվել էր մայիսի 5-ին, սակայն այդ օրը առատ ձյուն էր տեղաց, ու դա կարող էր դժվարացնել հարձակողական գործողությունը։ Որոշվեց օպերացիան տեղափոխել մայիսի 8-ին։ Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսված դաժան մարտը ձգվեց մինչև մայիսի 8–ի լույս 9-ի գիշերը։ Առավոտյան 4-ին հրամանատարին զեկուցեցին, որ Շուշին արդեն մեր ձեռքում է ու մաքրված է բռնագրաված տերերից: Արկադի Տեր-Թադևոսյանը պարտավոր էր սպասված լուրը ևս չորս ժամ իր մեջ պահել, մինչև լույսը բացվեր, որ գիշերվա խավարում անտեղի զոհեր չունենայինք:

Մարդիկ տոնում էին, հրամանատարները` փորձում զգոն մնալ. 3 անքուն օր ու ազատագրված Շուշի

Հետագայում գեներալը խոստովանեց. «Մենք կազմավորված բանակ, մեծ ուժեր, իրենց չափ զենք ու զինամթերք չունեինք։ Շուշին ազատագրելու համար զինվորական օրենքները պահանջում էին, որ 7000-ից ավել մարդ ունենայինք, որովհետև թշնամին այդտեղ 2500 զինվոր ուներ, իսկ ճակատը 40 կմ էր։ Ու չնայած դրան, բոլորս վստահ էինք, որ հաղթելու ենք, որովհետև առանց Շուշին վերցնելու, մենք կկորցնեինք Արցախը»։

Շուշի բերդաքաղաքի ազատագրման, նրա տունդարձի պլանը երկար մշակված ու լավ քննարկված էր: Նախօրոք ընտրված անունն անգամ հաղթանակի գրավական էր: «Հարսանիք լեռներումը» իրոք վերածվեց հարսանիքի, ուրախ տոնախմբության:

«Ես միշտ մտածել եմ` ով շատ է, նա էլ պետք է հաղթի։ Սակայն այդ տարիներին հասկացա, որ կարևորը մարտական ոգին ու գաղափարն է, որ ունեին մեր տղերքը։ Մեր զինվորներին մի քիչ էլ բան սովորեցնես, լրջագույն հաջողություններ կունենան»,- մեզ հետ զրույցներից մեկում ասել է Կոմանդոսը։

Ավանդույթի համաձայն` ամեն տարի մայիսի 8-9-ը Ստեփանակերտում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում, որոնց մասնակցում է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս տարի կորոնավիրուսի համավարակը խանգարեց այդ ծրագրերի իրականացմանը, բայց դա չի խանգարի, որ աշխարհասփյուռ հայությունը կրկին հիշի այդ օրերի իրադարձություններն ու հարգանքի տուրք մատուցի իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հերոսներին:

Այսօրը պատմության մեջ. մայիսի 8