ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է վետերաններին

ԱԱԾ տնօրենը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին ու դրամական պարգևներ հանձնել նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը դրամական պարգև է հանձնել Հայրենական մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններ Պետրոս Պետրոսյանին և Ալբերտ Հակոբջանյանին: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Մարտիրոսյանը վետերաններին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի, Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ:

«75 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության՝ իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքր հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում: Մենք դեռևս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ։ Թող հաղթողների չխամրող փառքն ապրի դարեր` խիզախության և դիմացկունության վառ օրինակ ծառայելով սերունդներին»,- ասել է նա։

Հայրենական մեծ պատերազմը ծավալվել է 1941-1945 թվականներին։ Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) առանց նախապես հայտարարելու հարձակվել են Խորհրդային Միության վրա.կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Հայրենական մեծ պատերազմը եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։

Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել

Այս պատերազմը 1945 թվականի մայիսի 9–ին ավարտվել է Խորհրդային Միության հաղթանակով։

Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: 80 հազար հայ պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով, որոնց թվում բոլոր հայազգի գեներալներն ու ծովակալները՝ առանց բացառության:

Մայիսի 9-ին Հայաստանը եռակի տոն է նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծումը։

Պուտինը շնորհավորել է Հայաստանին և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ժողովուրդներին