ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ կառավարությունը, ըստ ամենայնի, կերկարացնի մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը: Տեղեկությունը հստակեցնելու նպատակով «Ժողովուրդ» թերթը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին, որը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել մամուլում տարածված լուրերը, միայն նշել է, որ կառավարությունում դեռևս քննարկում են հարցը։
«Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն այս պահին գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում չկա. երբ կլինի վերջնական որոշում երկարաձգելու կամ արտակարգ դրությունը դադարեցնելու մասին, հանրությանը տեղյակ կպահենք այդ մասին։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այդ հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ առաջնահերթությունը տրված է մեր քաղաքացիների, հայրենակիցների առողջությանը, և եթե լինի արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն, ապա դա կլինի միայն այդ նպատակով»,- ասել է վարչապետի խոսնակը թերթի հետ զրույցում։
Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ իշխանությունը քննարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետաձգման հարցը, և արտակարգ դրության ժամկետը երկարաձգելը դրա լուծումներից մեկն է:
«Այսինքն՝ ըստ էության, առաջիկայում հանրաքվեն տեղի չի ունենա, և ՍԴ-ի՝ այդքան կարևորություն ներկայացնող հարցը լուծում չի ստանա»,- եզրափակում է հոդվածագիրը:
Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմը հանվեց. Գևորգյանը` հետագա գործողությունների մասին
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։