ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Հանձնաժողովի նպատակն է ունենալ միջոցառումների կազմակերպման ռազմավարություն, որը բխելու է ՀՀ կառավարության կրթական և մշակութային գերակայություններից: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մենք կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Աղաջանյանը նշել է, որ հանձնաժողովի կազմը դեռ աշխատանքային խմբի ձևաչափով իրականացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքները և այժմ զբաղված է հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով: