Ինչու է Արթուր Վանեցյանը հրավիրվել ՀՔԾ

ԱԱԾ նախկին ղեկավարի փաստաբանները զերծ են մնում հավելյալ մեկնաբանություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի տեսանյութից հետո ՀՔԾ–ում նյութերի նախապատրաստման շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի հայտարարության առնչությամբ։ Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մայիսի 2-ին պատմեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը մայիսի 4-ին Sputnik Արմենիային հայտնեց, որ Մինասյանի տեսանյութի վերաբերյալ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Նա ասաց, որ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը, հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։