Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

Մարզասերները շատ են կարոտել մեծ ֆուտբոլը և անհամբերությամբ սպասում են առաջնությունների վերսկսմանը։ Հայաստանը բացառություն չէ։ ՀՖՖ նախագահի խորհրդական, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի հետ զրուցել ենք հայկական ֆուտբոլի ներկա վիճակի ու հեռանկարների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik, Մանվել Մարգարյան. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի հանդիպումները կվերսկսվեն այս ամսվա վերջին, իսկ առաջին խմբի հանդիպումները` հաջորդ ամսվա սկզբին։ Մինչև առաջնության վերսկսումը բարձրագույն և առաջին խմբերի ակումբները կարող են անցկացնել ընկերական, ստուգողական հանդիպումներ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, «Անի» ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հարկադրական պարապուրդից հետո թիմերի ադապտացիան կընթանա մի փոքր դժվարությամբ, բայցևայնպես դեռ ժամանակ կա, և ակումբներն առնվազն 90 տոկոսով պատրաստ կլինեն առաջնության վերսկսմանը։

Թե ինչպես Հայրապետյանը մնաց Նիցցայում, որտեղ նրա անունով մարզադաշտ կա

Ի դեպ, երկրպագուների հարցը դեռ լուծված չէ։ Մարզադաշտերում նրանց ներկայությունը դեռ որոշ ժամանակ բացառվում է։ Հանդիպումներին կարող են ներկա լինել միայն ակումբներն իրենց ամբողջական կազմերով, մարզական խմբով և ադմինիստրատիվ աշխատողներով։

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ֆուտբոլային ակումբները երկու ամիս հայտնվել էին մեռյալ վիճակում։ Թիմերը ֆինանսական առումով զգալի կորուստներ կրեցին։ Այժմ բոլորը պետք է փորձեն մեկուկես ամսվա ընթացքում վերականգնվել ու պատրաստվել առաջնության վերսկսմանը։ Արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի առաջնությունն ավարտվի գոնե հուլիսի կեսին։ Նույնը պլանավորել են նաև եվրոպական երկրների ֆեդերացիաները։ Մեր մարզիկներն արդեն հաղթահարել են այս իրավիճակով պայմանավորված սթրեսը, թեև շարունակում են զգուշավորություն պահպանել` զերծ մնալով անհարկի շփումներից։ Ֆեդերացիան ամբողջ ընթացքում կապը պահպանել է ակումբների հետ և իր իրավասության շրջանակում փորձել է լուծում տալ առաջացած խնդիրներին»,– զրույցի ընթացում նշեց ՀՖՖ նախագահի խորհրդականը։

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Համավարակով պայմանավորված իրավիճակում ֆուտբոլիստները մարզվել են անհատական ծրագրով, որպեսզի փոքրիշատե պահպանեն մարզավիճակը։ Իսկ խմբային պարապմունքների պատշաճ անցկացման համար կպահանջվի մոտ երկու շաբաթ։ Քանի որ ֆուտբոլիստները մասնագիտորեն են մոտենում իրենց գործին, պրոֆեսիոնալ են, հետևաբար հիմնականում բոլորն էլ պահպանել են մարզական ռեժիմն ու խուսափել ավելորդ քաշ հավաքելուց։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստներին կորոնավիրուսի դեմ թեստավորել են, բարեբախտաբար վարակակիր մարզիկներ չկան, այս ողջ ընթացքում տղաները գտնվել են բժիշկների մշտական հսկողության ներքո։

«Գելոն» լուռ լսեց, իսկ Վյաչեսլավն արտասվեց. ինչպես Համբարձումյանները չմասնակցեցին ԱԱ–ին

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հեռանկարային ֆուտբոլիստների թեմային։ Մասնավորապես նրա ղեկավարած «Անի» ակումբը հավաքագրում է խոստումնալից պատանիներին, սակայն գալիս է զորակոչային տարիքը, և նրանցից շատերը մեկնում են ծառայության։ Որպեսզի այդպիսի երիտասարդների կարիերան չխաթարվի, կապը ֆուտբոլի հետ չընդհատվի, հատուկ այդ նպատակով ստեղծվել է բանակային ակումբը, որտեղ հանդես են գալու խոստումնալից ու հեռանկարային մարզիկները, որոնք կարող են համալրել ոչ միայն իրենց տարիքային հավաքականները, այլև ապագայում հնարավորություն կստանան ընդգրկվելու ազգային հավաքականի կազմում։ Դրան զուգահեռ «Անին» զբաղվում է նաև Ռուսաստանից ու Աֆրիկայից ժամանած լեգեոներների հավաքագրմամբ։ Նպատակներն ու հավակնությունները լուրջ են, ակումբը ձգտելու է հաջորդ մրցաշրջանում գրավել առաջին տեղը` ձեռք բերելով բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք։

Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ

Դրսից հրավիրվող մարզիչների հարցը լեգենդար ֆուտբոլիստը նույնպես չշրջանցեց։ Նրա կարծիքով` մանկապատանեկան թիմերի, առաջին խմբի ակումբների հետ նախընտրելի է, որ աշխատեն տեղի մարզչական կադրերը, իսկ բարձրագույն խմբի ակումբների պարագայում կարելի է հրավիրել արտասահմանյան մասնագետների, որովհետև ակումբներն այդտեղ իրենց առջև լուրջ նպատակներ են դնում, մասնակցում են եվրոպական հեղինակավոր մրցաշարերին։

Ֆեդերացիան հրավիրել է մասնագետների, որոնք երկու տարի է, ինչ աշխատում են տեղի մարզիչների ու ֆուտբոլիստների հետ, ներկայացրել են ֆուտբոլի զարգացման համապատասխան ծրագիր, պարզապես պետք է մի փոքր սպասել, որպեսզի արդյունքները լինեն տեսանելի ու շոշափելի։

Մեր զրուցակիցը հայտնեց հեռանկարային մի ծրագրի մասին, որի իրականացումն իրոք կարող է խթանել հայկական ֆուտբոլը։

«Ես ծրագրում եմ իմ տնօրինությամբ ֆուտբոլային ակադեմիա հիմնադրել և այդ ուղղությամբ կատարում եմ նախնական անհրաժեշտ քայլերը, որպեսզի պոտենցիալ հովանավորներին կարողանամ ինչ–որ բան ցույց տալ ու շահագրգրռել նրանց` տրամադրելով արդյունավետ համագործակցության։ Ակադեմիայում կհավաքագրվեն 8-16 տարեկան պատանիները»,– ասաց Խորեն Հովհաննիսյանը` նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լուրջ աջակցությունը, առանց որի ոչինչ չի ստացվի։

Հովհաննիսյանը շարունակում է լավատես մնալ, ավելին` նա համոզված է, որ հայկական ֆուտբոլում կլինեն բավականին լուրջ և դրական փոփոխություններ, իսկ 4-5 տարի հետո կարձանագրվի երկար սպասված վերելքը։

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց