Դիակառքը սգո սրահի մոտ է։ Կապույտ կոստյումներով ու սև դիմակներով տղամարդիկ դուրս են բերում երկու փոքրիկ սպիտակ դագաղ։ Մուտքի մոտ կանգնած մարդիկ քարացել են։
Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները
Սրահի բակում արդեն մի քանի պսակ կա։ Նորերն են բերում՝ ձյունաճերմակ։ «Հանգիստ ննջեք, հրեշտակներ»,-գրված է դրանցից մեկի ժապավենին։
Սգո սրահի մուտքի երկու կողմում դագաղների կափարիչներն են։ Սիրտս սեղմվում է, բայց ոտքերս առաջ են տանում։ 8-ամյա Լեոն և 5-ամյա Մանանն ասես քնած լինեն։ Երկուսի դեմքն էլ խաղաղ է։ Երկուսի ձեռքերում էլ իրենց սիրելի խաղալիքներն են՝ Լեոյի արջուկը (որի հետ հայրը նրան պատուհանից դուրս է նետել) և Մանանի շնիկը։
Փոքրիկ Լեոյի դագաղի մոտ վշտից կոտրված քեռին է։ Ուրիշ ոչ ոք չկա դեռ. հրաժեշտի պահը չի եկել։ Պողպատե լռության մեջ տղամարդու լացը զրնգում է ականջներիս մեջ։
Ներս են մտնում շտապօգնության աշխատակիցները։ Համավարակն, իհարկե, ոչ ոք չի չեղարկել։ Նրանք հատուկ արտահագուստով են։ Սև ֆոնին նրանց դեղին համազգեստները վառ բիծ են դառնում։ Նրանք հարազատներին օգնելու համար են այստեղ, և մի քանի րոպե անց արդեն նրանց օգնության կարիքը կունենա երեխաների մորական տատը։
«Շշշ։ Մի՛ լացեք, կարող են զարթնել»,-լսվում է մեջքիս հետևում։ Շրջվելով` հասկանում եմ, որ սպանված երեխաների մայրն է՝ Սիման։
Դեպքի պահին կինն էլ է տանը եղել. մանրամասներ Երևանում գրանցված սարսափելի միջադեպից
Երիտասարդ կնոջը, որը դեռ երեք օր առաջ գրկում էր իր երեխաներին ու խաղում նրանց հետ, հիմա բերում են երկու կողմից թևանցուկ։ Գեղեցիկ դեմքը քարացած է։ Արցունքներ չկան։ Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, որ եկել են և խնդրում չաղմկել ու շատ բարձր լաց չլինել։ Երեխաները կարող են վախենալ` նրանք դեռ այնքա՜ն փոքր են։
Դա լսելով՝ անգամ տղամարդիկ են սկսում հեկեկալ։ Իսկ նա կրկնում է․
«Շշշշ, խնդրում եմ, մի՛ լացեք։ Իմ հրեշտակները հիմա Աստծո ձեռքերում են։ Պիտի իմանաք` ինձ համար պատիվ է նրանց մայրը լինելը։ Ես հիմա հրեշտակների մամա եմ»։
Սիման էլի ինչ-որ բան է ասում, իսկ օդը սենյակում ասես վերջանում է։ Հայացք ես գցում երեխաներին՝ նրանք ասես իրոք քնած լինեն։ Տարօրինակ զգացողություն է. թվում է, թե նրանց ծածկող պատանքը օրորվում է շնչառությունից։
Դժբախտ կինը ինչ-որ բաներ է հիշում երեխաների հետ իր վերջին զրույցներից, նրանց մաղթանքներն Ամանորին։ Մայրը խնդրում է նրան, որ գոնե արտասվի, ցավը դուրս թողնի։ Բայց ոչ։ Սիման անդրդվելի է մնում։ «Մամ, պետք չի։ Սա իմ խաչն է, ես եմ տանելու։ Պետք է պինդ մնալ»։
Հեռախոսային խոսակցություններ Մաղաքիա քահանայի հետ, որը ժամանակին կատարել էր Սիմայի և ամուսնու՝ Կարենի պսակադրությունը Վոլգոգրադում։ Իսկ նախորդ օրը հրապարակում էր կատարել, որում անկեղծորեն պատմում էր այն ամենը, ինչ գիտեր ընտանիքի մասին։
«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, տանը՝ հրեշ». Տեր Մաղաքիա Օհանյանը` սարսափելի դեպքի մասին
«Թավշյա հեղափոխությունից» հետո ընտանիքը տեղափոխվել էր Երևան։ Սիման Հայաստանը լավագույն վայրն էր համարում։ Իսկ հիմա նա վստահ է՝ լավագույն վայրն այն է, որտեղ իր երեխաներն են։
«Մաման ձեր ցավը տանի, հրեշտակներս։ Լեոս իսկական տղամարդ կլինի, իսկ Մանանս` արքայադուստր` ինչպես ուզում էր (աղջնակի գլուխը զարդարված է գեղեցիկ թագով)»։
Աստված չանի, որ որևէ մեկը կյանքում նման բան տեսնի, երեխաները չպետք է մահանան։ Ոչ մի ձևով չպետք է մահանան, իսկ այսպես՝ առավել ևս։ Եվ չնայած սա անգամ գիտական անվանում ունի՝ ֆիլիցիդ (սեփական երեխաների սպանություն), որը հաճախ կատարվում է խորը դեպրեսիայի վիճակում, դա արդեն ոչինչ չի փոխում։ Մենք պետք է սովորենք ապրել դրա հետ։
«Անթույլատրել է»․ Թաթոյանը մտահոգված է սարսափելի դեպքի մասին համացանցային քննարկումներով
Որքան հաճախ ենք մենք (հասարակությունը) սիրում կրկնել, որ մեզ հետ նման բան չի կարող լինել։ Մենք ուրիշ ենք։ Երեխաների վրա մենք դողում ենք, մեր ծնողները մեզ համար սրբություն են։ Այնինչ պարզվում է՝ ոչ։ Մեզ մոտ էլ է պատահում՝ և՛ սպանում են, և՛ բռնաբարում, և՛ ատում, և՛ հետապնդում։ Եվ մենք պետք է ապրենք այս ամենի հետ։ Որտեղ և երբ են թաղել նրանց հորը՝ ոչ մեկին չի հետաքրքրում։ Ինչն է նրա համար շարժառիթ դարձել այդ հրեշավոր արարքը կատարելիս՝ արդեն նշանակություն չունի։ Փաստն այն է, որ երեխաներին իր հետ տանելով, նա չմնաց նրանց հետ։
Հ․Գ․ Հարգելի ընթերցող, այս հոդվածը գրված չէ դիտումների համար, այդ պատճառով դրա դիտումներն անջատված կլինեն։ Սա հոգու ճիչ է։ Հարազատների ու մտերիմների հանդեպ ուշադիր լինելու մասին` բոլորին ուղղված ճիչ։ Գուցե հենց մեր ուշադրությունն օգնի կանխել սոսկալի դժբախտությունը։ Նրբանկատ լինենք` որքան դա հնարավոր է։ Եվ չտրորենք ուրիշի ցավը։