«Դատապարտյալների հիվանդանոցում» 150 մահճակալ է տեղադրվել

«Դատապարտյալների հիվանդանոցը» անհրաժեշտության դեպքում պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց և դատապարտյալներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով։

«Արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը մշակել են համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր։ Դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այդ նպատակով նախարարության քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Հայկական կարմիր խաչի համագործակցությամբ ՔԿՀ–ները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով:

Ինչպես է կորոնավիրուսը փոխել բանտարկյալների կյանքը

Բացի այդ՝ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին մյուսներից անջատ պահելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոցի» 2 մասնաշենքերում տեղադրվել են շուրջ 150 մահճակալ։ Անկողնային պարագաները տրամադրել է Կարմիր խաչը: ՔԿՀ–ներին նվիրաբերվել են նաև պուլսօքսիմետրեր, բժշկական անձնակազմի համար նախատեսված հակահամաճարակային պաշտպանիչ համազգեստներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր, հեռահար ջերմաչափեր։ ԵԽ–ն իր հերթին ՔԿՀ–ին տրամադրել է երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ երկու հիվանդի համար:

Նախապատրաստական աշխատանքների արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոցը» ներկա դրությամբ վերազինված է համապատասխան բժշկական սարքավորումներով և անհրաժեշտության դեպքում պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել: Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2884–ի։