ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

Պատգամավորը հորդորում է հանդուրժող լինել, հարգել դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները և դադարեցնել թեմայի քննարկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և արդեն ստացել է պատասխանը։ Նա Facebook ի իր էջում գրել է, որ թեստի պատասխանը բացասական է։

«Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային։ Շրջանառվում էր իմ անունը, որի համար ներկայացնում եմ այս պարզաբանումը։ Որևէ մեկն ապահովագրված չէ, և նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք և հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները և շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել։ Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը»,– գրել է նա։

Պատգամավորն առողջություն ու արագ ապաքինում է մաղթել բոլոր հիվանդներին և երախտիքի խոսքեր հղել բուժաշխատողներին։

Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, որի մոտ երեկ կորոնավիրուս հաստատվել։ Նրա օգնական Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր մոտ է COVID–19 հաստատվել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 102–ով և հասել 2884-ի։