ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիկանությունում աշխատող այն քաղաքացիները, որոնք օգտվել են կառավարության հայտարարած Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրից, ստիպված կլինեն վերադարձնել ստացած գումարները պետությանը: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև դրանք նախատեսված էին բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց համար: Եվ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են, և դրանք արձանագրված չեն ընդհանուր բազաներում, դա սողանցք է դարձել, և շատ ցավալի փաստ է, որ սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավի ուղղությամբ»,- ասաց վարչապետը: Գումարների վերադարձից բացի վարչապետը հայտարարեց, որ նշանակվելու են նաև ծառայողական քննություններ՝ պարզելու, թե ինչպես է նման բան տեղի ունեցել:
«Շատ ցավալի է, որ իրավապահ համակարգում աշխատող մարդիկ, որոնց կոչումն է ապօրինությունների դեմ պայքարելը, մտել են, որ ինչ-որ գումար տանեն: Ես դատապարտում եմ այդ երևույթը, ես ամաչում եմ այդ մարդկանց փոխարեն»,- ասաց վարչապետը՝ նման արարքը համեմատելով բաց պատուհանից կատարված գողության հետ:
Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը
Հիշեցնենք՝ կառավարության հաստատած 9-րդ ծրագրով սոցիալական աջակցություն է նախատեսված 2020թ-ի մարտի դրությամբ գրանցված աշխատանք չունեցող քաղաքացիներին՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 000 դրամի չափով: