Վիզը ծռած, խեղճացած, կռացած. Փաշինյանը քննադատեց հայ դիվանագետներից ոմանց աշխատաոճը

Փաշինյանն անկեղծ խոսելու համար ներողություն խնդրեց ՀՀ բոլոր դիվանագետներից և իր երկու տարվա դիտարկման արդյունքները ներկայացրեց պատգամավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության ու դիվանագիտական աշխատանքի մասին, ասաց, որ Հայաստանն իր արտաքին գործընկերների նկատմամբ ցուցաբերում է բացառիկ հարգանք ու նույնն ակնկալու է նրանցից:

Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ կարգով կքննարկվի ԼՂ խնդրի լուծման հնարավոր տարբերակը

«Սա շատ կարևոր հարց է. մենք՝ որպես երկիր, ինչպես ենք ուզում դիրքավորվել: Մենք ուզում ենք դիրքավորվել ձեռքներս գլխից վեր պահած, որ կներեք, մի խփեք մեզ, թե մենք ուզում ենք դիրքավորվել որպես մի երկիր, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև ընդունել հարվածներ ու անհրաժեշտության դեպքում նաև տալ հարածներ»,- ասաց նա:

Արտաքին հարաբերություներում Հայաստանի Հանրապետությունը, նրա խոսքով, չպիտի լինի կոնֆլիկտային, պիտի լինի կառուցողական ու հարգալից:

Վարչապետը ներողություն խնդրեց ՀՀ բոլոր դիվանագետներից՝ անկեղծ խոսելու համար և խոստովանեց, որ դիվանագիտական կորպուսի մի հատվածն այս դիրքորոշումը չի ընդունում, այլ աշխատում է հին ձևով` վիզը ծռել, կռացած, խեղճացած գնալ ու բոլորից որևէ բան աղերսել, երջանիկ լինել որևէ փշրանք ստանալիս:

«Սա իմ երկու տարվա գնահատականն է։ Դա տպավորություն չէ, ես դա տեսել եմ, վերապրել եմ կոնկրետ օրինակներով»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում վարչապետը ներկայացնում է կառավարության 2019 թ-ի ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցը: