Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու է հրաժարական տվել Էրիկ Գրիգորյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատում է Էրիկ Գրիգորյանի աշխատանքը, բայց կառավարության անդամներից պահանջում է անել անհնարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից շնորհակալություն հայտնեց երեկ աշխատանքից ազատված ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ բնապահպանության ոլորտում կատարած աշխատանքի դիմաց, ապա մեկնաբանեց, թե ինչն է եղել նախարարի պաշտոնանկության պատճառը:

Կառավարությունը չի հրաժարվել աղքատությունը կրճատելու մտքից. Փաշինյանը հիշեցրեց իր խոստումը

«Համոզված եմ, որ այս ընթացքում նա արել է առավելագույնը` առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, գալիս են փուլեր, ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ։ Երբեմն ես մտածում եմ, որ անարդար եմ գտնվում ՀՀ կառավարության անդամների հանդեպ` նման հայտարարություններ անելով: Բայց եթե ինձ հարցնեք՝ ես իմ աշխատանքից գոհ եմ թե, ոչ ես, կասեմ՝ ոչ: Որովհետև ես ուզում եմ, որ մենք անենք ոչ թե հնարավորը, այլ անհնարը, քանզի 2018թ-ին մենք արել են անհնարը»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հայտնեց, որ բնապահպանության ոլորտում 2018-ից ի վեր գրեթե ամբողջությամբ լուծվել է ՓՀԷԿ-երի ջրաչափման, ձկնուղիների կառուցման խնդիրը: Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի մեծ թվով հորեր են կոնսերվացվել, ինչը հանգեցրել է ջրի շոշափելի ծավալների խնայողության: Անցյալ աշնանը ՀՀ-ում տնկվել է 500 000 ծառ:

Հիշեցնենք` երեկ` մայիսի 6-ին, լուրեր տարածվեցին, որ Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է պաշտոնից։ Sputnik Արմենիայի աղբյուրը հաստատեց տեղեկությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արմեն Սարգսյանն Էրիկ Գրիգորյանին ազատել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։