Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը

Պատանեկան ու երիտասարդական մրցումներում մեծ հաջողությունների հասած ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է իր նվաճումների, կորուստների և իր համար հաջողակ թվի մասին։
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Չիրականացված երազանքը

Լևոն Գեղամյանը հունահռոմեական ըմբշամարտում մեծ հաջողությունների հասավ` դառնալով դեռահասների ու պատանիների աշխարհի չեմպիոն, իսկ մեծ սպորտում 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Չնայած այսքան նվաճումներին, նա գտնում է, որ սպորտային իր երազանքը մնաց չիրականացված։

Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը

«3 անգամ մասնակցել եմ օլիմպիական խաղերին՝ 1996, 2000 և 2004 թվականներին: Երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն էր, բայց չհաջողվեց: Միշտ մոտ եմ կանգնած եղել պատվո պատվանդանին, բայց մեծ սպորտում չեմպիոն դառնալ չհաջողվեց»,- պատմում է Գեղամյանը:

Վատ պայմաններն ու ծանր ժամանակները

Հայաստանի անկախացումից հետո դժվար էր մեր հանրապետությունում ապահովել մարզումային լավ պայմաններ: Դահլիճներ կային, բայց նրանք չէին ջեռուցվում, մարզական գույքի որակն էլ այն չէր։

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

«Եթե մենք մարզվեինք այն պայմաններում, ինչը հիմա կա, համոզված եմ` անհամեմատ լավ արդյունքների կհասնեինք: Բացի այդ, այն ժամանակ ըմբշամարտի կանոններն էին այլ: Եթե մրցավարը կողմնապահություն էր անում, դու հնարավորություն չունեիր գոտեմարտի ընթացքում բողոքարկել նրա որոշումը: Կոպիտ ասած` մրցավարներն ինչ ուզում անում էին: Չկային հեռարձակումներ, նրանք էլ իրենց շատ ազատ էին զգում իրենց որոշումներում»։

Լևոնի հետ մեկտեղ հավաքականում  հանդես էր գալիս նաև կրտսեր եղբայրը՝ Արմանը: Ու Գեղամյանները իրար ոգևորելով փորձում էին հետ չմնալ հավաքականի մյուս ըմբիշների արդյունքներից։

13–ը` հաջողության գրավական

Մարդկանց մեջ ընդունված է, որ 13 թիվը լավ բան չի խոստանում, ոմանք նույնիսկ խուսափում են այդ համարի տակ տուն ունենալուց, կամ ընդհանրապես շրջանցում են 13 թիվը: Լևոն Գեղամյանին 13 թիվն էլ չխանգարեց 1997 թվականին Թուրքիայում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն դառնալու համար։

Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը

«Եվրոպայի առաջնությունից առաջ հավաքներ էինք անցկացնում Երևանի «Դվին» հյուրանոցում, ու ես 7-րդ հարկի 13-րդ սենյակում էի: Հետո, երբ մեկնում էինք Թուրքիա, ինքնաթիռում իմ տեղը 13 ա-ն էր: Երբ ժամանեցինք մրցավայր, ես հյուրանոցի առաջին հարկի 13-րդ սենյակը ստացա, իսկ մրցումների վիճակահանության ժամանակ էլ 13-րդ համարն էի»,–պատմում է ըմբշամարտիկը: Եզրափակիչների օրը Կարենը Մնացականյանը հաղթում է թուրք մրցակցին, Մովսեսը Կարապետյան նույնպես առավելության է հասնում թուրք ըմբիշի նկատմամբ, Լևոն Գեղամյանն էլ պետք է գոտեմարտեր թուրք մրցակցի հետ:

«Պարզ էր, որ կազմակերպիչներն ամեն ինչ անելու էին իմ գոտեմարտում մրցակցիս օգնելու համար: Թշնամական մթնոլորտ էր ձևավորվել: Ես հնարք կատարեցի, բայց միավորները տվեցին թուրքին: Բայց ի վերջո կարողացա այդ ծանր գոտեմարտում հաղթել ու Եվրոպայի չեմպիոն դառնալ: Այնպես, որ 13-ը այնքան էլ վատ թիվ չէ »,-ծիծաղելով հիշում է Գեղամյանը:

Հեղինակությունների «սարսափը»

Իր կարիերան մասին պատմելով` Լևոն Գեղամյանը նշում է, որ ավելի լավ կարողանում էր գոտեմարտել տիտղոսակիր ըմբիշների հետ: Օլիմպիական չեմպիոն իտալացի Անդրեա Մինգուցիին Լևոնը ժամանակին 2 անգամ մեծ առավելությամբ հաղթել է։ Գեղամյանը հիշում է նաև օլիմպիական կրկնակի չեմպիոն, կուբացի Ֆիլիբերտո Ասկոյի հետ գոտեմարտը։

Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ

«Կուբացու հետ գոտեմարտից առաջ մարզիչներս ինձ ասեցին` գնա քնի, որ հանգստանաս: Խորը քնած էի, մեկ էլ ինձ արթնացնում են, թե արագացրու` քո գոտեմարտն է արդեն: Հանպատրաստի մտա գորգ, ու մրցակիցս անմիջապես երեք միավոր վաստակեց: Բայց, կարծես լրիվ զարթնելով, կարողացա հետ բերել կորցրածս ու հաղթեցի 4:3 հաշվով»,- պատմում է Գեղամյանը:

Սպորտն ու քաղաքականությունը

Լևոն Գեղամյանն Ախուրյանի համայնքապետի նախորդ ընտրություններում դրել էր իր թեկնածությունը, ու շատ համախոհներ ուներ: Բայց ընտրություններում պարտվեց։

Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը

«Քաղաքականությունն ինձ հոգեհարազատ չէ: Բայց ուզում էի որոշ բաներ շտկել Ախուրյանում: Գտնում եմ, որ եթե մարդը ունենա ցանկություն, կամք և խիղճ, ապա կարող է համայնքի բյուջեն օգտագործել մարդկանց վիճակը բարելավելու համար: Ընտրություններում պարտվեցի ու, փառք աստծո, որովհետև հաղթելու դեպքում հաստատ չէի կարողանալու զբաղվել իմ սիրած գործով՝ ըմբշամարտով»,- ասում է Լևոնը:

Կիսով չափ մարզիկ և կիսով չափ մարզիչ

Գեղամյանն իր մարզական կարիերան կարելի է ասել չի ավարտել: 2016, 2017 և 2019 թվականներին հայ ըմբիշն աշխարհի չեմպիոնի կոչումն է նվաճել վետերանների առաջնություններում, բացի այդ իր որդու՝ Արշակ Գեղամյանի անձնական մարզիչն է: Իսկ որդին արդեն Հայաստանի պատանիների չեմպիոն է։

Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ

«Չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարելի է անել առանց սպորտի, առանց ըմբշամարտի: Այն բացթողումները, որոնք ես տեսել եմ իմ մարզիկ եղած ժամանակ, հիմա որպես Ախուրյանի համալիր մարզադպրոցի տնօրեն և Աշխատանքային ռեզերվներ ՀԿ նախագահ, շտկել եմ, ու ստեղծել ենք բոլոր պայմանները մարզական պրոցեսը լավ կազմակերպելու համար»,- ասում է Գեղամյանը:

Ըմբշամարտում մեծ ու դժվարին ճանապարհ անցած Լևոն Գեղամյանը ներկայում իր գիտելիքները, ուժն ու հնարավորությունները  ներդրել է ըմբշամարտի զարգացման գործում: Մարզադպրոցը, որի  տնօրենն է Գեղամյանը, շատ լավ հնարավորություններ ունի և նպաստում է ըմբշամարտիկների լավ պատրաստվածությանը: