ՌԴ մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Նախարարն անցել է հեռավար աշխատանքի։ Հիվանդությունը մեղմ է և հոսպիտալացման կարիք չկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նրա մամուլի խոսնակ Աննա Ուսաչևային:

РБК-ի տեղեկություններով ՝ նախարարն անցել է հեռավար աշխատանքի: Ուսաչևայի խոսքով՝ հոսպիտալացման կարիք չկա, Լյուբիմովան լուրջ գանգատներ չունի և աշխատում է տնից:

«Օլգա Լյուբիմովան աշխատում է հեռավար: Նա աշխատանքային հանդիպումներ է ունենում տեսակոնֆերանսների միջոցով, ծրագրված հանդիպումներին և բանակցություններին մասնակցում է առցանց ձևաչափով: Հիվանդությունը մեղմ է», - ասել է խոսնակը:

Լյուբիմովան ՌԴ կառավարության չորրորդ պաշտոնյան է, որի մոտ COVID-19 է հաստատվել: Առաջինը հիվանդացավ կաբինետի ղեկավար Միխայիլ Միշուստինը։ Նա հոսպիտալացվել է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևի և փոխնախարար Դմիտրի Վոլկովի մոտ։