Իրականությունն այն է, որ ամենևին միանշանակ չէ՝ արդյո՞ք աշխարհը ավելի լավ ու կատարյալ է դառնում, բայց այն, որ մեր երեխաներն ու թոռներն ապրելու են ավելի բարդ աշխարհում, կարելի է հաստատ պնդել՝ սեփական փորձից գիտենք:
Ինչու եմ ասում՝ սեփական փորձով ենք համոզվել, որ կյանքը բարդանում է: Խոսքը այս կորոնավիրուսային ճգնաժամի մասին չէ, թեև, խոստովանենք, դեռ կես տարի առաջ դժվար թե մեզանից որևէ մեկը կանխատեսեր, որ ոստիկանները Երևանի փողոցում թուղթ են պահանջելու, թե ինչու ենք դուրս եկել բնակարանից և բավարար հիմնավորման բացակայության դեպքում տուգանելու են 100 հազար դրամով։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է։
Տեսեք: Ապրում էինք Սովետում: Ամեն ինչ կանոնակարգված էր՝ ընդհուպ մինչև մարդու կենսագրությունը, կարիերան: Ընդունվում էիր աշխատանքի որևէ հիմնարկում՝ սկզբում ցածր վարձատրվող շարքային աշխատող էիր կամ բանվոր, հետո տարիների ընթացքում դառնում էիր ավագ աշխատող կամ աշխղեկ, որոշ ժամանակից անց, եթե բախտդ բերեր, կարող էիր արդեն պաշտոն ստանալ՝ բաժնի վարիչ, այնուհետև վարչության պետ, փոխտնօրեն, միգուցե նույնիսկ տնօրեն և այլն՝ ընդհուպ մինչև նախարար:
Այսինքն՝ ամեն ինչ կանխատեսելի էր, պատկառելի ու ձանձրալի: Հետո՝ 80-ականների և 90-ականների սահմանագծին ամեն ինչ փոխվեց՝ Ղարաբաղյան շարժում, Խորհրդային տերության փլուզում և անկախության հռչակում: Սկսվեց անկանխատեսելի, հետաքրքիր, բայց նաև շատ բարդ, տեղ-տեղ նույնիսկ անտանելի կյանքը: Փակվեցին տասնյակ գործարաններ, որոնց արտադրանքն այլևս սպառող չուներ, լուծարվեցին նախկինում Մոսկվայից ֆինանսավորվող ինստիտուտները, նույնիսկ որոշ բնագավառներ իսպառ վերացան հայաստանյան տնտեսությունից: Եկավ գործազրկության և մասնագիտությունը փոխելու ժամանակը:
Ես էլ փոխեցի՝ թարգմանիչ էի, դարձա լրագրող: Բայց դրանք գոնե միմյանց հետ ինչ-որ կապ ունեցող մասնագիտություններ են: Նստեք ցանկացած տաքսի: Կարիք էլ չկա վարորդին որևէ բան հարցնելու՝ ինքը սեփական նախաձեռնությամբ կսկսի ձեզ պատմել, թե ինչպես էր Ֆիզմաթն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվել Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, ինչ եզակի հետազոտություններ էր կատարում արագացուցիչի օգնությամբ: Իհարկե, շատ լավ գիտենք՝ տաքսիստի ոչ բոլոր ասածները կարելի է հալած յուղի տեղ ընդունել, բայց կան նաև միանգամայն հավաստի պատմություններ:
Աշխատանքի տոնը շատերը նշում են աշխատանքից զրկված
Ինչու սկսեցի խոսել տաքսու վարորդների մասին: Այն, ինչ հիմա ասելու եմ, շատերին հաստատ դուր չի գա, բայց այնուամենայնիվ կասեմ՝ պատրաստ եղեք, որ ձեր երեխան կամ թոռն էլ իր կյանքի որոշ շրջանում ստիպված լինի տաքսու վարորդ դառնալ: Կանխելով ձեր անհարկի խիստ բացասական արձագանքը, միանգամից խոստովանեմ՝ սա ես չեմ ասում: Նման միտք է հայտնել բրիտանացի մասնագետ, բիզնես խորհրդատու Ռոհիթ Թալվարը՝ Լոնդոնում կայացած մի համաժողովում, որին մասնակցում էին բրիտանական տասնյակ դպրոցների տնօրեններ և դասատուներ: Այս մարդու միտքը հենց դա էր՝ դպրոցը և ծնողները պետք է պատրաստեն երեխային բարդ կյանքին:
Նա այսպիսի կանխատեսում է արել՝ այժմ դպրոցում սովորող երեխան պետք է պատրաստ լինի այն հեռանկարին, որ իր կյանքի ընթացքում կարող է փոխել 40 աշխատավայր՝ 10 տարբեր բնագավառներում: Անկեղծ ասեմ՝ ինձ էլ սկզբում անհավանական թվաց այս կանխատեսումը, բայց հետո սեփական կյանքս հիշեցի՝ սկսեցի հաշվել՝ քանի տեղ եմ աշխատել: Պարզվեց՝ առնվազն 15, ընդ որում՝ պաշտպանության նախարարությունից ու խորհրդարանից սկսած՝ մինչև օտարերկրյա կազմակերպություններ:
Իհարկե, կարող եք ասել՝ բայց մեզ մոտ՝ Հայաստանում դա ցնցումների արդյունքում է ստացվել, ուրիշ երկրներում նման բան չի եղել: Բրիտանացի մասնագետը ասում է՝ ամենևին պարտադիր չէ, որ ձեր երեխան կամ թոռը ինչ-որ ցնցումների պատճառով ստիպված լինի փոխել աշխատանքը կամ նույնիսկ մասնագիտությունը: Նա այսպիսի փաստարկ է բերում՝ գիտնականները համոզված են՝ առաջիկա 10-20 տարիներին կարող են վերանալ ներկայում գոյություն ունեցող աշխատանքների 30-ից մինչև 80 տոկոսը: Համակարգիչը կամ ռոբոտը կանի այն, ինչ հիմա անում է մարդը:
Ամփոփեմ բրիտանացի մասնագետի ասածը՝ պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին, այն բանին, որ մասնագիտություն պիտի փոխեն, միգուցե տաքսի էլ վարեն, նույնիսկ գործազուրկ կարող են դառնալ։ Ու մի բան էլ՝ թող լեզուներ սովորեն: Նկատեք՝ ով է նման խորհուրդ տալիս՝ անգլիացին, իսկ անգլերենը աշխարհում ամենատարածված լեզուն է, բայց ասում է՝ ոչ, այլ լեզուների էլ տիրապետեք, անպայման պետք կգա: Արդյոք մենք պատրաստում ենք մեր երեխաներին ու թոռներին բարդ կյանքին: Խոստովանենք՝ ավելի հաճախ միայն կենացներ ենք արտասանում: