Սովորենք լավ տանգո պարել, կամ 3 հարց` ուղղված եվրոպացի պաշտոնյաներին

Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ են այսօր մեր հարաբերությունները Եվրոպայի հետ։ Ինչու եմ հենց այսօր այս թեմային անդրադառնում: Որովհետև այսօր Եվրոպայի օրն է:
Sputnik
Սովորենք լավ տանգո պարել, կամ 3 հարց` ուղղված եվրոպացի պաշտոնյաներին

Գրեթե 70 տարի առաջ՝ 1949 թվականին, ստեղծվեց Եվրոպայի խորհուրդը, և այդ օրը՝ մայիսի 5-ը Եվրոպայի օր հռչակվեց: Ճիշտ է՝ մի տարի հետո էլ ստեղծվեց Եվրոպական տնտեսական միությունը ու մայիսի 9-ն էլ Եվրոպայի օր հռչակվեց:

Համաձայնեք՝ Կանանց տոնի նման մի բան ստացվեց՝ մենք նրանց տոնը երկու անգամ ենք նշում, արանքում էլ կանանց միամսյակն է, այնպես որ կարելի է ասել` այս շաբաթն էլ մինչև մայիսի 9-ը Եվրոպական շաբաթ է:

Մամուլի ազատության մասին խոսելուց առաջ նախ պարզենք, թե ինչ է մամուլը

Եվրոպայի հետ մեր առնչությունների բարդությունը երկու գործոնով է պայմանավորված՝ արտաքին և ներքին: Նախ՝ արտաքինի մասին: Անկեղծ խոստովանենք՝ ինչ-որ չափով մեր բախտը պարզապես չբերեց: Որովհետև, համաձայնեք, մեզ համար լավագույն տարբերակը կլիներ Եվրոպա գնալ Ռուսաստանի հետ միասին: Ինչո՞ւ: Նախ` մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարելի է ասել, ուրույն են. չգիտեմ՝ կա՞ արդյոք աշխարհում երկու այլ երկիր, որոնք անխտիր բոլոր բնագավառներում այդքան սերտ կապեր ունենան: Նույնիսկ երեկ, երբ լսում էինք Երևանի երկնքում սուրացող ռազմական ինքնաթիռների ձայնը, միմյանց հարց էինք տալիս՝ մերո՞նք են, թե՞ ռուսաստանցիները։

Երբ խոսափողը միացրած է, կամ ուղիղ եթերի վտանգավոր կողմը

Ու նաև դժվար թե որևէ մեկը ժխտի, որ Ռուսաստանը իրականում Եվրոպայի անքակտելի մասն է, այն էլ ինչպիսի մասը: Պատմության, մշակույթի, գրականության մասին չեմ ասում։ Եթե վերցնեք ողջ Եվրոպայի տարածքը, այն գրեթե մի Կանադայի չափ է՝ ընդամենը մի Կանադայի: Ու եվրոպական այդ ողջ տարածքի համարյա կեսը՝ 40 տոկոսը, Ռուսաստանն է զբաղեցնում: Այսինքն` կարելի է ասել՝ Ռուսաստանից ավելի եվրոպական երկիր Եվրոպայում ընդհանրապես չկա:

Եվ այս ամենով հանդերձ Ռուսաստանն ու Եվրոպան, փոխանակ ավելի ու ավելի մերձենալու, վերջին տասնամյակում գնացին հակառակ ուղղությամբ ու սկսեցին առճակատվել, ինչն ամենաանցանկալի զարգացումն էր Հայաստանի համար: Կենցաղում երբեմն բոլորս էլ նման իրադրության հանդիպել ենք, երբ ունես երկու ընկեր, երկուսի հետ էլ ուզում ես շատ լավ հարաբերություններ պահպանել, բայց նրանք միմյանց հետ գժտվել են, ու պարզապես չգիտես՝ ինչ անես:

Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը

Հիմա այն տարօրինակ իրադրության մասին, որն արտաքին գործոնների հետ կարծես թե որևէ առնչություն չունի։ Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունից» հետո։ Մեր խորհրդարանում ներկայացված ուժերից որևէ մեկը եվրոպական կուսակցությունների հետ որևէ առնչություն չունի, այնինչ ընդդիմադիր ուժերից մեկը՝ նախկինում իշխող Հանրապետական կուսակցությունը, պահպանեց ամենասերտ կապերը Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ, որն ամենաազդեցիկ քաղաքական ուժն է Եվրոպայում։ Այսինքն` եթե մի քիչ պարզունակացնեմ, մեր ընդդիմությունն է մեզ հիմա ներկայացնում Եվրոպայում, ակտիվորեն մասնակցելով եվրոպական այդ կուսակցության բոլոր միջոցառումներին։

Երկրորդ բավական տարօրինակ հանգամանքը։ Իհարկե, կորոնավիրուսային այս պայմաններում Եվրոպա գնալու մասին մտածելը անհեթեթ կարող է թվալ՝ մարդիկ այնտեղ են մնացել, մի կերպ են Հայաստան վերադառնում։ Բայց սահմանային արգելքները, միևնույնն է, մի օր վերանալու են, ու մենց կրկին գլուխ ենք կոտրելու, թե ինչու վրացիներին, ուկրաինացիներին, մոլդովացիներին ազատորեն թողնում են Եվրոպա, իսկ մեզ մինչև հիմա այդպես էլ չեն թողնում։

Ու երրորդ հարցը, որը կուզեի ուղղել եվրոպացի պաշտոնյաներին հենց այսօր մայիսի 5-ին, երբ ստեղծվեց Եվրոպայի խորհուրդը։ Լավ, արդեն գրեթե երկու տասնամյակ է, ինչ մենք այդ կառույցի՝ Եվրոպայի խորհրդի անդամ ենք։ Այո, միշտ չէ, որ այդ ընթացքում մեզ լավ ենք պահել, մարտի 1 ենք ունեցել և այլն։ Բայց ախր նաև «թավշյա հեղափոխություն« ենք իրականացրել, կոռուպցիայի և ապօրինի հարստացման դեմ օրենքներ ենք ընդունել, մամուլն ենք ազատականացրել, տարբեր միջազգային կազմակերպությունների հրապարակած ցուցակներում էական առաջընթաց ենք արձանագրել։ Լավ, այսքանից հետո ինչո՞ւ եք մեզ մոնիթորինգի տակ պահում։

Հարց եմ տալիս ու հիշում եվրոպացի պաշտոնյաներից մեկի ասածը մի քանի տարի առաջ։ Նա այսպիսի պատկերավոր համեմատություն արեց: Ասաց. «Տանգո պարելու համար երկու հոգի է անհրաժեշտ: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը որքանով է պատրաստ տանգոյին»: Է, ինչ արած, քանզի լավ պարողին են պարի հրավիրում, շարունակենք սովորել տանգո պարել։