Մնացականյանը զանգել է Ղազախստանի իր պաշտոնակցին. խոսել են սպասվող հատուկ չվերթի մասին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխուժացնել հայ-ղազախական համագործակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների աստիճանական հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող միջոցառումների և ծրագրերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:

Համավարակի օրերին ԱԳՆ-ի աջակցությամբ հայրենիք է վերադարձել ՀՀ 2035 քաղաքացի․ նախարար

Անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք հատուկ թռիչքի մանրամասներին՝ Զոհրաբ Մնացականյանը և Մուխտար Թլեուբերդին գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների՝ հայրենիք տեղափոխման հարցում ցուցաբերած փոխօգնության և փոխադարձ աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխուժացնել հայ-ղազախստանյան համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների և միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացման միջոցով:

Երևան-Սոչի թռիչքով հայրենիք է վերադարձել 89 ՌԴ քաղաքացի

Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը՝ ուղենշելով համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: